Նախագահ Թրամփն արժանի չէ ճանաչելու Հայոց ցեղասպանությունը
Վերջին շաբաթների ընթացքում, երբ Կոնգրեսի երկու պալատները, մեկը ճնշող մեծամասնությամբ, մյուսը՝ միաձայնությամբ, ընդունեցին Հայոց ցեղասպանությունը ճանաչող երկու բանաձևերը, շատերը հույս ունեին՝ սա կհանգեցնի նրան, որ Թրամփը ևս կճանաչի այն իր գալիք ուղերձում 2020 թ․ ապրիլի 24-ին, չնայած նա պարտավոր չէ դա անել։ Ի վերջո, ընդհանուր առմամբ Կոնգրեսի երկու պալատների 505 անդամներն աջակցել էին երկու բանաձևերին, որոնցից միայն 11-ն էին դեմ եղել, այսինքն ԱՄՆ Կոնգրեսի ավելի քան 94%-ը կողմ էր քվեարկել:
Սակայն, Թրամփը հիասթափեցրեց աշխարհի ճնշող մեծամասնությանը, բացառությամբ թուրք և ադրբեջանցի ժխտողականների, երբ անցյալ շաբաթ ԱՄՆ պետդեպարտամենտի խոսնակ Մորգան Օրտագուսը հայտարարեց, որ «վարչակազմի դիրքորոշումը չի փոխվել: Մեր տեսակետներն այս հարցի վերաբերյալ արտացոլված են անցյալ տարվա ապրիլին նախագահի վերջնական հայտարարության մեջ»:
Այս երկու բանաձևերն անտեսող պետդեպարտամենտի հայտարարությունն արվեց այն բանից հետո, երբ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը սպառնաց վռնդել ամերիկյան զորքերը Թուրքիայում գտնվող երկու ավիաբազաներից և խնդրել Թուրքիայի խորհրդարանին բանաձև ընդունել՝ բնիկ ամերիկացիների սպանությունները ճանաչելով որպես ցեղասպանություն։
Վերջին երեք տարիների ընթացքում Թրամփը չի օգտագործել «Հայոց ցեղասպանություն» եզրը՝ 1915 թ․ Օսմանյան կայսրությունում ապրող հայերի կանխամտածված զանգվածային սպանությունները հիշատակելիս։ Թրամփն այսպիսով հետևել է նախագահներ Օբամայի, Բուշ կրտսերի, Բիլ Քլինթոնի և Բուշ ավագի նախադեպին, որոնք բոլորն էլ հրաժարվել էին հայկական զանգվածային սպանությունները որակելուց որպես ցեղասպանություն: Միակ բացառությունը եղել է Ռոնալդ Ռեյգանը, որը 1981 թ․ ապրիլի 22-ին նախագահական հռչակագիր է հրապարակել՝ Օսմանյան կայսրության կողմից հայկական սպանությունները հիշատակելով որպես ցեղասպանություն:
Թրամփը 2019 թ․ ապրիլքսանչորսյան իր ուղերձում օգտագործել է տարբեր մեղմասացություններ՝ «Հայոց ցեղասպանությունը» հիշատակելու համար ՝ առանց օգտագործելու այդ եզրը․ «1915 թ. սկսած՝ Օսմանյան կայսրության վերջին տարիների ընթացքում, մեկ ու կես միլիոն հայեր զոհ են գնացել տեղահանություններին, կոտորածներին ու մահվան երթերին»: Թրամփը հավելել է․ «Մենք ողջունում ենք հայերի և թուրքերի ջանքերը՝ ճանաչելու և հաշվի առնելու իրենց ցավալի պատմությունը»։ Բացի այդ, Թրամփը գործածել է «Մեծ եղեռն» եզրույթը՝ խուսափելու «Հայոց ցեղասպանություն» բառերն արտասանելուց։ Թրամփը պարզապես պատճենել է նույն եզրույթը, որն օգտագործել էր նախագահ Օբաման։ Ցավոք, Թրամփը, որը հաճախ մերժում է Օբամայի քաղաքականությունը, որոշել էր հետևել իր նախորդի՝ «Հայոց ցեղասպանություն» եզրը օգտագործելու մերժմանը։
Թրամփի կողմնակիցներին նյարդայնացրել էր այն հանգամանքը, որ մի քանի թերթեր անվանապես անդրադարձել էին նախագահ Թրամփին՝ որպես «Հայոց ցեղասպանություն» եզրը մերժողի։ Թեև Թրամփն այս հարցի վերաբերյալ անձնական հայտարարություն չէր արել, սակայն պետդեպարտամենտը, որպես Թրամփի վարչակազմի մաս, նման հայտարարություն չէր անի առանց իր «Մեծ շեֆի» հավանության․․․ Բացի այդ, պետդեպարտամենտի խոսնակը ինքն անձամբ հղում էր կատարել Թրամփի՝ անցյալ տարվա ապրիլյան ուղերձին։ Թրամփի օգտին միակ բանն այն է, որ նա քարոզչական խոստում չի տվել Հայոց ցեղասպանությունը ճանաչելու վերաբերյալ՝ ի տարբերություն իր չորս նախորդների։ Թեև նա պարտավորություն չունի պահելու չտված նախընտրական խոստումը, սակայն նա չպետք է բերանը փակեր Անկարայի բռնապետի ճնշմամբ և հետապնդեր իր անձնական ֆինանսական շահերը, ինչպես հայտարարել է Ազգային անվտանգության նախկին խորհրդական Ջոն Բոլթոնը:
Թեև 2020 թ․ ապրիլի 24-ը դեռ առջևում է, սակայն հաշվի առնելով Թրամփի անկանխատեսելի բնավորությունը, չի կարելի վստահ լինել, որ նա այդ ժամանակ կօգտագործի «Հայոց ցեղասպանություն» եզրը, անձամբ ես, ոչ մի ակնկալիք չունեմ, որ նա կառերեսվի ճշմարտությանը և կհրաժարվի իր անձնական շահերից։
Անցյալ շաբաթ մի կարևոր իրադարձություն տեղի ունեցավ, որը կարող է մեծ ազդեցություն ունենալ Թրամփի վերընտրության հեռանկարների վրա։ 2019 թ․ դեկտեմբերի 19-ին, «Քրիստոնեությունն այսօր» (Christianity Today) ազդեցիկ ավետարանական ամսագրի գլխավոր խմբագիր Մարկ Գալին խմբագրական գրեց՝ «Թրամփը պետք է հեռացվի պաշտոնից» վերնագրով։ «Քրիստոնեությունն այսօր» ամսագրի հիմնադիրը հայտնի պատվելի Բիլլի Գրեհեմն է։ Սա կարևոր խմբագրական է, հաշվի առնելով այն փաստը, որ սպիտակամորթ ավետարանականների ճնշող մեծամասնությունը սատարում է նախագահ Թրամփին։
Ահա թե ինչպես է նախագահ Թրամփի հեռացումը պաշտոնից արդարացվում խմբագրականում․
1) Նախագահ Թրամփի փորձը՝ հարկադրելու Ուկրաինայի առաջնորդին հետաքննել իր քաղաքական հակառակորդին (Ջո Բայդենին)՝ «ոչ միայն Սահմանադրության խախտում է, այլ ավելի կարևոր՝ խորապես անբարոյական է»:
2) «Այս նախագահը վարկաբեկել է բարոյականության գաղափարը իր կառավարության մեջ: Նա վարձել և աշխատանքից ազատել է մի շարք մարդկանց, որոնք այժմ դատապարտված հանցագործներ են: Նա անձամբ խոստովանել է բիզնեսում անբարո գործողությունների և կանանց հետ ունեցած հարաբերությունների մասին, որոնցով նա շարունակում է հպարտանալ։ Միայն նրա թվիթերյան էջը՝ իր խեղաթյուրումների, ստերի և զրպարտանքների սովորական տողերով, գրեթե կատարյալ օրինակ է այն մարդու համար, որը բարոյապես կորած և շեղված է»:
3) «Մենք կարծում ենք, որ պաշտոնազրկման լսումները բացարձակապես պարզ են դարձրել, ինչը չի կատարվել Մյուլլերի գործով հետաքննությամբ, որ Թրամփը չարաշահել է իր լիազորությունները անձնական շահերի համար և դավաճանել է իր սահմանադրական երդմանը: Պաշտոնազրկման լսումները լուսաբանեցին նախագահի բարոյական թերությունները բոլորի համար։ Սա վնասում է նախագահության հիմնարկությանը, վնասում է մեր երկրի հեղինակությանը, նաև վնաս է հասցնում ինչպես մեր ժողովրդի ոգուն, այնպես էլ ապագային: Նախագահի դրական կողմերից ոչ մեկը չի կարող հավասարակշռել այն բարոյական և քաղաքական վտանգը, որին մենք բախվում ենք նման կոպիտ անբարո բնավորության տեր առաջնորդի ղեկավարությամբ»:
4) «Արդյոք Թրամփը պաշտոնից կհեռացվի Սենատի կողմից, թե համաժողովրդական քվեարկությամբ հաջորդ ընտրությանը, դա խելամիտ դատողության հարց է։ Այն, որ նա պետք է հեռացվի, կարծում ենք, որ ոչ թե կուսակցական հավատարմության, այլ Արարչի Տասը պատվիրանների նկատմամբ հավատարմության խնդիր է»։
5) «Հին ասացվածք օգտագործելով՝ ժամանակն է իրերը կոչել իրենց անուններով, ասել, որ անկախ նրանից, թե քանի ձեռք ենք շահում այս քաղաքական պոկերային խաղում, մենք խաղում ենք կոպիտ անբարոյականությամբ և բարոյական անունակությամբ դարսած խաղաքարտերով։ Եվ երբ մտածում ենք, որ ժամանակն է մեր բոլոր խաղանիշերը հրել սեղանի կենտրոն, հենց այդ ժամանակ է, որ ամբողջ խաղը փլուզվելու է։ Այն կփլուզվի ավետարանական կրոնի հեղինակության և ավետարանի աշխարհընկալման վրա։ Այն կփլուզվի նաև տղամարդկանց և կանանց պետության վրա, որոնց բարեկեցությունը ևս մեր խնդիրն է»։
Ամերիկահայերը և նրանց համախոհները պետք է շարունակեն ամոթանք տալ բոլոր նրանց, ովքեր չեն ճանաչում Հայոց ցեղասպանությունը, սկսած նախագահ Թրամփից, պետքարտուղար Մայք Պոմպեոյից և Ներկայացուցիչների պալատի այն 11 հանրապետական անդամներից, որոնք 2019 թ․ հոկտեմբերի 29-ին դեմ քվեարկեցին Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձևին։ Դրանք են՝ Գրեգ Փենսը, Լարի Բուքշոնը, Ջեյմս Բերդը և Սյուզան Բրուքսը՝ Ինդիանա նահանգից, Մայք Ռոջերսը՝ Ալաբամայից, Էնդի Հարիսը՝ Մերիլենդից, Վիրջինիա Ֆոքսը և Մարկ Մեդոսը՝ Հյուսիսային Կարոլինայից, Թոմ Քոլը՝ Օկլահոմայից և Մակ Թորնբերին ու Քևին Բրեյդին՝ Տեխասից։
Հաջորդ տարվա նախագահական ընտրություններում ոչ մի ամերիկահայ չպետք է քվեարկի նախագահ Թրամփի և ոչ էլ Կոնգրեսի 11 հանրապետական անդամների օգտին, որոնք դեմ են քվեարկել Հայոց ցեղասպանության բանաձևին․․․
Հարութ Սասունյան
«Կալիֆորնիա Կուրիեր» թերթի հրատարակիչ և խմբագիր
www.TheCaliforniaCourier.com
Թարգմանությունը՝ Ռուզաննա Ավագյանի