Մի միֆ էլ պայթեց. «Հրապարակ»
«Հրապարակ» թերթն իր խմբագրականում գրում է. «Մենք թեւակոխում ենք միֆերի տապալման ժամանակաշրջան։ Հեղափոխությունից անմիջապես հետո «կոռուպցիան իսպառ վերացվել է» թեզը սկսեց երերալ, երբ իշխանական մի շարք պաշտոնյաներ, այդ թվում՝ երկու փոխնախարար, բռնվեցին կաշառք ստանալիս։ Ապա պարզ դարձավ, որ երիտասարդ իշխանությունն այնքան էլ գաղափարական ու աննյութապաշտ չէ՝ բարձր աշխատավարձերն ու պարգեւավճարները գաղտնի վայելել չհաջողվեց։ Իսկ «ԿամԱԶ»-ների եւ այլ թանկ նվերների, քավոր-սանիկներին պաշտոնների նշանակելու մասին լուրերը ջնջեցին չկոռումպացվածության մասին լեգենդները։
Մենք՝ հեղափոխությանն աջակցածներս, մեզ շարունակեցինք մխիթարել նրանով, որ գոնե ընտրակեղծիքներն են իսպառ բնաջնջվել, եւ այլեւս նոր ժամանակներում ականատես չենք լինի ընտրակեղծիքների, ընտրակաշառքի, սպառնալիքների ու հակառակորդներին ասպարեզից վերացնելու ճանապարհով իրականացվող ընտրությունների։
Նախօրեին այս միֆն էլ հօդս ցնդեց՝ Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահի ընտրությունները մեզ վերադարձրին տխուր 90-ականներ ու 2000-ականներ, երբ թեկնածուներին ստիպում էին ընտրությունների նախօրյակին հրաժարական տալ, սպառնալիքով ու կաշառքով «գնում էին» նրանց։
Երբ քվեարկողներին վախեցնում էին, որ «մեկ ա՝ մեր թեկնածուն անցնելու ա, դու ես վատամարդ մնալու»։ Երբ ընտրական քարտեզներ էին վերաձեւում, որ համապատասխան թեկնածուն ունենա համապատասխան քանակի քվե։ Երբ թեկնածու առաջադրվելու արգելքների վրա թքած ունեին, եւ ընտրական ցենզը համատարած չէր պահպանվում։ Այս ամբողջ մղձավանջը մենք կրկին վերապրեցինք ՀՖՖ գործկոմի եւ նախագահի ընտրությունների ժամանակ։ Եվ պարզ դարձավ, որ այս իշխանությունների կամքը՝ մաքուր ընտրություններ անելու, մինչեւ այն պահն է, երբ վտանգ չկա, որ իրենց թեկնածուն չի անցնելու»։