Իսպանիայի թագավորի դատապարտված փեսան Ծննդյան տոները կանցկացնի ընտանիքի հետ
Իսպանիայի արքայադուստր Քրիստինայի ամուսինը՝ Ինյակի Ուրդանգարինը, որը պատիժ է կրում կոռուպցիայի համար, Ծննդյան տոները կնշի ընտանիքի հետ, ավելի վաղ դատարանը նրան թույլատրել է չորս օր անցկացնել պատժական հիմնարկության սահմաններից դուրս։ Դեկտեմբերի 24-ի առավոտյան Ուրդանգարինը Բրիեւայի բանտից, որը գտնվում է Ավիլա քաղաքից ոչ հեռու, մեկնել է Պոսուելո դե Ալարկոն, որտեղ գտնվում է սահմանափակ հնարավորություններով մարդկանց կենտրոնը, որտեղ շաբաթական երկու անգամ Ուրդանգարինն օգնություն է ցուցաբերում որպես կամավոր: Այդտեղից նա կմեկնի ընտանիքի մոտ: Ուրդանգարինը բանտ պետք է վերադառնա դեկտեմբերի 28-ի առավոտյան: Նա առաջին անգամ կկարողանա գիշերել բանտի սահմաններից դուրս:
Ուրդանգարինի խափանման միջոցը մեղմացվել է այն բանի կապակցությամբ, որ նա կրել է պատժի քառորդ մասը (թագավորի փեսան դատապարտված է հինգ տարի եւ տասն ամիս բանտարկության), եւ «վատ վարք չի նկատվել»: Նա կարող է տարեկան բանտի սահմաններց դուրս անցկացնել 36 օր, ամեն անգամ յոթ օրվանից ոչ ավելի: Արքայադուստր Քրիստինայի, Իսպանիայի Ֆելիպե VI թագավորի քրոջ ամուսինը՝ Ինյակի Ուրդանգարինը, 2018 թվականի հունիսին հինգ տարի եւ տասն ամիս բանտարկության է դատապարտվել վատնման, անձնական նպատակներով պաշտոնեական դիրքի օգտագործման, խարդախության, հարկերի վճարումից խուսափելու եւ ազդեցության առ ու ծախի մեղադրանքներով, հաղորդել է ՌԻԱ Նովոստին: