Բաժիններ՝

Թրամփը Սուրբ ծնունդը կդիմավորի Ֆլորիդայի գոլֆ-ակումբում, իսկ Ջոնսոնը՝ կարիբյան կղզում

Մի շարք երկրների ղեկավարներ դադարեցնում են իրենց աշխատանքը եւ պատրաստվում են Սուրբ ծնունդը դիմավորել իրենց մերձավորների ու հարազատների շրջանակում:

ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփն իր տիկնոջ հետ միասին, Ֆլորիդայի Փալմ-Բիչի Մար-ա-Լագոյի իր նստավայր է մեկնել տակավին անցած շաբաթվա վերջին: Իր գոլֆ-առողջարանում ԱՄՆ-ի ղեկավարն անցած հանգստյան օրերին խաղացել 1 ամերիկացի հայտնի ռադիոհաղորդավար Ռաշ Լիմբոյի, ինչպես նաեւ պրոֆեսիոնալ գոլֆիստ Ջեյմս Հերմանի հետ:
Սպասվում է, որ դեկտեմբերի 24-ին ավելի ուշ Թրամփը տեսակապով կմասնակցի ամերիկացի զինծառայողների մասնակցությամբ ասուլիսին:

Բրիտանական թագավորական ընտանիքը Սուրբծննդյան տոների կապակցությամբ մեկնել է Նորֆոլքի Սանդրինգեմյան պալատ: Եղիսաբեթ Երկրորդ թագուհին եւ նրա ընտանիքի անդամները ճրագալույցին ավանդաբար ճաշկերույթ են կազմակերպում մոմերի լույսի ներքո, իսկ արդեն Սուրբ Ծնունդին մասնակցում են հանդիսավոր ժամերգությանը: Բրիտանացիները դեկտեմբերի 25-ին նաեւ կկարողանան դիտել թագուհու տոնական տեսաուղերձը:

Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնը, ինչպես հաղորդում են բրիտանական ԶԼՄ-ները, տոներին իր զուգընկերուհու՝ Քերի Սիմոնդսի հետ միասին կուղեւորվի Կարիբյան ծովի Մյուստիք կղզի:

Շվեդիայի թագավորական ընտանիքում ընդունված է միասին հավաքվել Դրոտհինգհոլնի պալատում՝ Սուրբծննդյան ճաշկերույթի: Ամեն տարի Կառլ 16-րդ Գուստավ թագավորի ընտանիքի անդամները պատրաստում են տեսահոլովակներ, որտեղ նրանք զբաղվում են սուրբծննդյան տարբեր գործերով, օրինակ՝ պատրաստում են թխվածք, տոնական զարդարանքներ են պատրաստում իրենց ձեռքով կամ սահնակ են քշում:

Մոնակոյում Ալբեր Երկրորդ իշխանն իր ընտանիքի հետ միասին ամեն տարի կազմակերպում է ընդունելություն, որին հրավիրում են հինգից մինչեւ 12 տարեկան 600-ից ավելի երեխաների: Երեխաներին բաժանում են նվերներ, նրանց ցուցադրում են ներկայացում, իսկ հետո գալիս է Սանտա-Կլաուսը:

Իսպանիայի թագավորական ընտանիքը Սուրբ Ծնունդի նախօրյակին հանդես կգա երկրի բնակիչներին հասցեագրված ավանդական ուղերձով: Սարսուելա պալատում կանցկացվի հանդիսավոր ճաշկերույթ: Բելգիայի Ֆիլիպ թագավորը եւ Մաթիլդա թագուհին երեխաների հետ միասին կայցելեն Թագավորական պալատ՝ սուրբծննդյան երգերի համերգին:

Մինչդեռ Ֆրանսիայում շարունակվող բողոքների եւ արհմիությունների գործադուլների ֆոնին Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի ու նրա տիկնոջ՝ Բրիջիտի Սուրբծննդյան պլանների մասին չի հաղորդվում: Ֆրանսիական ԶԼՄ-ների կանխատեսումներով՝ տոնական օրերին երկրում տրանսպորտը կաշխատի ընդհատումներով: Կենսաթոշակային բարեփոխման դեմ բողոքների մասնակիցներն ավելի վաղ հայտարարել են, որ մտադիր չեն դադարեցնել իրենց ակցիաները տոնի ընթացքում, հաղորդել է «Ինտերֆաքս»-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս