Վանաձորի ոստիկանները բնակարանային գողության դեպքեր են բացահայտել
Դեկտեմբերի 10-ին, ժամը 17-ի սահմաններում, Վանաձորի Նար-Դոսի փողոցի մի բնակիչ ոստիկանության Բազումի բաժնում հաղորդում էր տվել, որ դեկտեմբերի 9-ից 10-ը տեխնիկական միջոցների գործադրմամբ բացել են իրենց առանձնատան դուռը և հափշտակել կենցաղային իրեր: Ոստիկանները մեկնեցին դեպքի վայր, ուսումնասիրեցին տան տարածքը, կազմեցին համապատասխան արձանագրություններ: Գողության փաստով հարուցվեց քրեական գործ:
Բացահայտման ուղղությամբ լայնածավալ հետախուզական միջոցառումներ ձեռնարկվեցին: Օպերատիվ հարցումների արդյունքում շուտով տեղեկություններ ստացվեցին, որ գողությունը հնարավոր է կատարած լինի Վանաձորի Ամիրյան փողոցի 38-ամյա մի բնակիչ:
Դեկտեմբերի 19-ին կասկածվողը Ներսիսյան փողոցից բերման ենթարկվեց ոստիկանության Բազումի բաժին:
Գողոնը մասամբ հայտնաբերվեց:
Հետագա միջոցառումներով պարզվել է, որ 38-ամյա տղամարդը 2019 թվականին Վանաձորում կատարել է ևս ութ բնակարանային գողություն և գողության փորձեր: Հանգամանքները պարզվում են:
Հարուցված քրեական գործի նախաքննությունը շարունակվում է: