
Վրաստանում հաջորդ տարվանից նշվելու է Վիրավոր զինծառայողների օրը

Վրաստանի պաշտպանության նախարար Իրակլի Ղարիբաշվիլիի որոշմամբ հաջորդ տարվանից երկրում նշվելու է Վիրավոր եւ տուժած զինծառայողների օրը: Այդ մասին հաղորդվում է պաշտպանության նախարարության կայքում:
Ղարիբաշվիլին նախաձեռնությունը հրապարակել է Վիրավոր զինվորականների օգնության հիմնադրամի՝ տարվա արդյունքների ամփոփմանը նվիրված միջոցառմանը:
Իր ելույթում նախարարը կարեւորել է վիրավոր զինծառայողների վերականգնումը եւ վերասոցիալիզացիան, ինչպես նաեւ պատմել է, թե այդ ուղղությամբ ինչ է պատրաստվում անել պաշտպանության նախարարությունը:
«Մեր նոր, դեպի զինծառայողները կողմնորոշված սոցիալական քաղաքականության շրջանակներում 2020 թվականի հունվարից վիրավոր ու տուժած զինծառայողների աշխատավարձին, կախված վնասվածքների ծանրությունից եւ նրանց ընդհանուր ֆիզիկական վիճակից, կավելացվի 200-ից մինչեւ 800 լարի (70-ից մինչեւ 277 դոլար): Իմ որոշմամբ, հունվարից հավելավճարների բյուջեն կավելանա քառապատիկ: Մենք կշարունակենք հոգ տանել մեր զինվորականների մասին եւ ֆինանսապես կաջակցենք նրանց»,-ասել է Ղարիբաշվիլին, հաղորդել է Sputnik-ը: