Բաժիններ՝

ՀՀ-ն վճռական է զարգացման իրավունքը պաշտպանելու հարցում. ԱԳՆ-ն՝ Ագուլիսի ջարդերի 100-րդ տարելիցին

Հայաստանն առավել քան վճռական է պաշտպանելու և ապահովելու հայ ժողովրդի գոյության և խաղաղ զարգացման իրավունքն իր պատմական հայրենիքում, այդ թվում՝ Արցախում: Այս մասին նշել է ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանը՝ հայտարարությամբ անդրադառնալով Ագուլիսի հայկական ջարդերի 100-ամյա տարելիցին։

Ինչպես տեղեկացրին ՀՀ արտաքին գործերի նախարարության լրատվության և հանրային դիվանագիտության վարչությունից, հայտարարության մեջ նշված է. «Այսօր մենք հիշատակում ենք Ագուլիսի հայկական եղեռնագործության 100-րդ տարելիցը: Մեկ դար առաջ՝ 1919թ. դեկտեմբերի 24-ից 25-ը խաղաղ հայ բնակչությունը ենթարկվեց զանգվածային կոտորածի, իսկ Նախիջևանի այս հինավուրց հայկական բնակավայրը վերածվեց ավերակի:

Արժանահիշատակ է, որ Հայաստանի առաջին հանրապետության կառավարությունը, ի պատասխան այս ջարդերին, դիմել էր միջազգային հանրությանը և, մասնավորապես՝ Անտանտի երկրներին՝ իր տարածքում իրականացվող բռնությունները կանխարգելելու և տարածաշրջանի հայերի անվտանգությունն ապահովելու կոչով:

Դժբախտաբար Նախիջևանի հայերի դեմ գործած հանցանքները չսահմանափակվեցին միայն 20-րդ դարի պատմությամբ, այլև նոր դրսևորում ստացան մեր օրերում, երբ ադրբեջանական իշխանությունները, վերջնականապես հայաթափելով Նախիջևանը, իրականացրեցին նաև հայկական մշակութային ժառանգության համակարգված և զանգվածային ոչնչացումը: Արդյունքում ամբողջովին ավերվեցին հազարավոր քրիստոնեական հուշարձաններ՝ այդ թվում եկեղեցիներ, վանքեր և խաչքարեր՝ Ջուղայում, Ագուլիսում և այլուր: Ադրբեջանական բանակի զինծառայողների կողմից միջնադարյան քրիստոնեական արվեստի գլուխգործողներ համարվող Ջուղայի հազարավոր խաչքարներ ոչնչացումը, որը փաստագրված է տեսաձայնագրությամբ, կմնա համաշխարհային պատմության մեջ որպես մշակութային վայրագությունների անգերազանցելի դրսևորում:

Այսօր, այս ողբերգական դեպքերից հարյուր տարի անց Հայաստանն առավել քան վճռական է պաշտպանելու և ապահովելու հայ ժողովրդի գոյության և խաղաղ զարգացման իրավունքն իր պատմական հայրենիքում, այդ թվում՝ Արցախում»:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս