Մարությանի՝ և՛ քաղաքապետ, և՛ ՍՊԸ տնօրեն լինելը հաստատող փաստաթուղթն առկա է
Դեկտեմբերի 5-ին «Ժողովուրդ» օրաթերթի լրագրող Սոնա Գրիգորյանը հոդված էր հրապարակել՝ «Հայկ Մարությանը շուրջ 1 տարի օրենք է խախտել» վերնագրով, որտեղ ներկայացրել էր ոչ թե վերացական փաստեր, ենթադրություններ կամ դատողություններ, այլ ՀՀ պետական ռեգիստրի կայքից ներբեռնված կոնկրետ փաստաթուղթ:
Ըստ փաստաթղթի, այս տարվա՝ 2019թ. նոյեմբերի 27-ի դրությամբ, Երևանի քաղաքապետ Հայկ Հրաչյայի Մարությանը «Երկուս ու կես» ընկերության տնօրենն է: Այսինքն՝ համատեղության կարգով և՛ քաղաքապետ է, և՛ ՍՊԸ տնօրեն, ինչը հակասում է Տեղական ինքնակառավարման մասին ՀՀ օրենքին:
Հրապարակումից հետո Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի կողմից Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանի նկատմամբ վարույթ էր հարուցվել՝ անհամատեղելիության պահանջների առերևույթ խախտման հիմքով:
Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի` Երևանի քաղաքապետին վերաբերող որոշման մեջ նշվում է, որ 2019 թվականի դեկտեմբերի 05-ին armlur.am, yerevantoday.am, antifake.am, tert.am, 168.am, news.am, zham.am և մի շարք այլ ինտերնետային լրատվամիջոցներ, հղում կատարելով «Ժողովուրդ» օրաթերթին, հրապարակել են «Հայկ Մարությանը շուրջ 1 տարի օրենք է խախտել», «Հայկ Մարությանն ու «Երկուս ու կես»-ը․ քաղաքապետի օրինախախտումը բացահայտված է» և այլ վերնագրերով հոդվածներ՝ մասնավորապես նշելով, որ Հայկ Մարությանը իր պաշտոնավարմանը զուգահեռ՝ նաև «Երկուս ու կես» ՍՊԸ-ի տնօրենն է, և 2018-ի հոկտեմբերի 13-ին պաշտոնը ստանձնած Մարությանը զուգահեռ տնօրինել է իր ՍՊԸ-ն։
Համաձայն Հանրային ծառայության մասին ՀՀ օրենքի 31-րդ հոդվածի 1-ին մասի՝ հանրային պաշտոն զբաղեցնող անձինք և հանրային ծառայողները չեն կարող զբաղեցնել իրենց կարգավիճակով չպայմանավորված պաշտոն պետական կամ տեղական ինքնակառավարման այլ մարմիններում, որևէ պաշտոն առևտրային կազմակերպություններում, զբաղվել ձեռնարկատիրական գործունեությամբ, կատարել վճարովի այլ աշխատանք, բացի գիտական, կրթական և ստեղծագործական աշխատանքից։
«Ուսումնասիրելով լրատվամիջոցների կողմից հրապարակված տեղեկատվությունը և օրենսդրական դրույթները՝ հանձնաժողովը գտնում է, որ Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանի արարքում առկա են անհամատեղելիության պահանջների առերևույթ խախտման հատկանիշներ։ Հաշվի առնելով նշված փաստական հանգամանքները և ղեկավարվելով օրենքի 27-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով, 5-րդ մասով, ինչպես նաև 31-րդ հոդվածի 2-րդ մասով՝ հանձնաժողովը Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանի կողմից անհամատեղելիության պահանջների առերևույթ խախտման հիմքով հարուցել է վարույթ»,- ասված էր հանձնաժողովի հայտարարության մեջ։
Լրատվամիջոցի այս հրապարակումը որոշ մեդիա կազմակերպությունների կողմից թիրախավորվեց, այն դեպքում, երբ լրատվամիջոցը բարեխիղճ իր աշխատանքն է կատարել՝ ձեռքի տակ ունենալով համապատասխան փաստաթուղթը։
Հրապարակմանն ի պատասխան՝ ֆեյսբուքյան էջում գրառում էր կատարել նաև Երևանի քաղաքապետի մամուլի քարտուղար Հակոբ Կարապետյանը, որում ասվում էր.
«Դեռ դեկտեմբերի 5-ին՝ «Ժողովուրդ» օրաթերթում «Հայկ Մարությանը շուրջ 1 տարի օրենք է խախտել» վերնագրով հոդվածը լույս տեսնելու օրը հերքման պահանջ հրապարակեցինք, փաստաթղթերով վեր հանելով օրաթերթի կողմից ապատեղեկատվություն ու զրպարտանք տարածելու փաստը։ Այսօր մամուլում հրապարակումներ են հայտնվել, որ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը վարույթ է հարուցել՝ «Ժողովրդի» հոդվածում տեղ գտած տեղեկությունները ստուգելու համար։ Առանց փորձելու կանխորոշել հանձնաժողովի որոշումը՝ նորից տեղադրեմ կնքված և ստորագրված փաստաթղթերը, որտեղ երևում է, որ Հայկ Մարությանը դադարել է լինել «Երկուս և կես» ՍՊԸ-ի տնօրենը 2018-ի հոկտեմբերի 10-ին՝ քաղաքապետի պաշտոնը ստանձնելուց 3 օր առաջ։
Նույն տեղեկությունը կարող էին էլեկտրոնային տարբերակով ստանալ նաև «Ժողովրդի» մեր գործընկերները՝ վճարելով 3000 դրամ և Պետռեգիստրի էլեկտրոնային կայքից վերցնելով փաստաթղթերը։
Դեկտեմբերի 18-ին քաղաքապետարանը բոլոր փաստաթղթերն ուղարկել է Հանձնաժողովին և միջնորդություն ներկայացրել՝ եզրակացություն ընդունել անհամատեղելիության պահանջների խախտման փաստի բացակայության մասին»։
Մենք զրուցեցինք նաև «Ժողովուրդ» օրաթերթի գլխավոր խմբագիր Քնար Մանուկյանի հետ:
«Մենք որևէ մտացածին, հնարովի, ենթադրաբար փաստ չենք գրել: Բացառապես օգտվել ենք պաշտոնական փաստաթղթից: Իսկ եթե քաղաքապետը շարունակում է հերքել, թող զբաղվեն իրավապահները: Մենք մեր ձեռքի տակ եղած փաստաթուղթը հանրայնացրել ենք, սիրով տրամադրում ենք նաև ձեզ, որպեսզի տարընկալումներ չլինեն: Ուղղակի անհասկանալի է՝ լրագրողները փաստերի ի՞նչ զինանոց պետք է օգտագործեն, որ հերքումների չարժանանան: Փաստաթո՞ւղթ էլ չհրապարակենք»,- ասաց թերթի խմբագիրը։
Ստորև ներկայացնում ենք փաստաթուղթը, որում նաև նշված է, թե էլեկտրոնային քաղվածքը երբ է բեռնվել e-register.am-ից՝ 27 նոյեմբերի, 2019թ.։