Այսօր էլ հորքուր-մորքուրների պակաս չեմ տեսնում. բաջանաղներ էլ կան, և ոչ պակաս, քան նախկինում. Մանվել Բադալյան

2002 թվականից Քաղծառայության խորհրդի նախագահ Մանվել Բադալյանը 2018 թվականից հետո չաշխատեց նոր ստեղծված Քաղծառայողի գրասենյակում։

«Դրա համար երկու պատճառ կար. նախ՝ նույն համակարգում այդքան երկար ժամանակ պաշտոնավարելն արդյունավետ չեմ համարում, մյուս կողմից՝ առաջարկություն չի էլ եղել, որ ես էլ քննարկեմ մնալ-չմնալու հարցը»,- 168 TV-ի «Ռեվյու» հաղորդաշարի եթերում ասաց Մանվել Բադալյանը։

Անդրադառնալով 2002 թվականին ընդունված «Քաղծառայողի մասին» օրենքին, որը պաշտպանում է քաղծառայողին՝ դարձնելով նրան անկախ, Մանվել Բադալյանն ասաց, որ 2018 թվականի մարտին մենք ունեցանք «Քաղծառայության մասին» և «Հանրային ծառայողի մասին» նոր օրենքներ, որոնք 2002 թվականին ընդունվածից շատ ավելի թույլ էին և ավելի խոցելի դարձրեցին քաղծառայողի ինստիտուտը և թուլացրին այն։

««Քաղծառայողի մասին» օրենքը փոխվել է նախկին իշխանությունների ժամանակ՝ 2018 թվականի մարտին։ Այդ փոփոխություններով որոշակի գործառույթներ, որոնք նախկինում կենտրոնացված էին և վերապահված Քաղաքացիական ծառայության խորհրդին, ապակենտրոնացվեցին և տրվեցին համապատասխան մարմիններին։ Ես այստեղ ռիսկեր եմ տեսնում՝ հատկապես կադրերի, ատեստացիա անցնելու, մրցույթների, քաղծառայողներին աշխատանքից ազատելու և այլ հարցերի հետ կապված։ Այս նոր օրենքով առաջարկված մի շարք լուծումների ես իմ պաշտոնավարման ժամանակ սկզբունքորեն դեմ եմ եղել»,- ասաց Բադալյանը։

Խոսելով քաղծառայողների ատեստացիաների մասին՝ Մանվել Բադալյանը հիշեց, որ իր պաշտոնավարման ժամանակ լրագրողները հաճախ էին հարցնում՝ արդյո՞ք երկրի ղեկավարներն իր նկատմամբ ճնշումներ չեն գործադրում՝ այս կամ այն մարդու ատեստացիան անցկացնելու հարցում:

«Ռոբերտ Քոչարյանի ջանքերի արդունքում է ընդունվել «Քաղաքացիական ծառայության» մասին օրենքը և կայացել համակարգը։ Նա այդ համակարգի կայացման ջատագովն էր։ Մինչև Ռոբերտ Քոչարյանի պաշտոնավարման ավարտը երբեք, որևէ միջամտություն իր ու Բաղրամյան 26-ի կողմից չի եղել, նա երբեք ինձ նման հարցերով չի դիմել։ Ինչ վերաբերում է Սերժ Սարգսյանին, ապա նրա ժամանակ եղել են առաջարկներ՝ հաշվի առնելու, ուշադիր լինելու այս կամ այն անձի մասնակցությանն այս կամ այն մրցույթներին»,- ասաց Մանվել Բադալյանը։

Անդրադառնալով Կառավարության ներկայիս ղեկավարի այն հայտարարությանը, որ նախկինում պետական կառավարման ապարատում հավաքվել էին հորքուր-մորքուրներ, սանիկներ, իսկ իրենց կառավարման տարիներին պետական համակարգում բաջանաղներ չեն լինելու և չկան, Մանվել Բադալյանն ասաց.

«Ես այսօր էլ հորքուր-մորքուրների պակաս չեմ տեսնում։ Բաջանաղներ չկա՞ն հիմա. կարծում եմ՝ կան, և ոչ պակաս, քան նախկինում»։

Խոսելով 2018 թվականից հետո պետական կառավարման համակարգի օպտիմալացման մասին՝ Մանվել Բադալյանը նշեց, որ միշտ չէ, որ օպտիմալացում կոչվածի արդյունքում ամենավատ կադրերն են դուրս մնում համակարգից։

«Աբսուրդը հասել էր այնտեղ, որ իմ ձեռքում հայտնվեց մի փաստաթուղթ, որում ասվում էր, որ պետության շահերից է բխում, որ 10 հազար մարդ կրճատվի։ Դա կարելի է սադիզմ կամ դիլետանտիզմ որակել։ Հիմա օպտիմալացման արդյունքում աշխատանքից ազատված քաղծառայողները կարող են դիմել այդ նորաստեղծ Քաղծառայողի գրասենյակ, իսկ դրանից հետո հաջորդ ելքը դատարանն է։ Մենք էլ՝ մեր հասարակական կազմակերպությունով, կփորձենք պաշտպանել այն քաղծառայողներին, որոնց ազատել են աշխատանքից։ Ինչ վերաբերում է օպտիմալացմանը, ապա, եթե օպտիմալացում է տեղի ունեցել, այդ դեպքում ինչպե՞ս կարող է ավելանալ հաստիքների քանակը»,- ասաց Բադալյանը՝ անդրադառնալով 2020 թվականի բյուջով ավելացված 600-ից ավելի հաստիքներին։

Քաղծառայության խորհրդի նախկին նախագահը ներկա պաշտոնյաներին խորհուրդ տվեց լավ գիտակցել հետևյալը՝ պետական ապարատը պահողներն այն պրոֆեսիոնալներն են, որոնք կյանքի են կոչում մշակված քաղաքականություններն ու ռազմավարությունները: Թող ներկաները չունենան թյուր կարծիք, թե, եթե իրենք այս կամ այն պաշտոնին չլինեին, մոլորակները կշեղվեին իրենց առանցքից։

«Հետևաբար, եթե վարչապետին գնում են գրություններ, նամակներ, որոնք, երբ նա կարդում է, մտածում է, թե դա ո՞ր դասարանի աշակերտ է գրել, ուրեմն այստեղ մենք մտածելու լուրջ խնդիր ունենք»,- ասաց Բադալյանը։

Ինչ վերաբերում է Փաշինյանի այն դիտարկմանը, որ պետական կառավարման համակարգը դիմադրում է, Մանվել Բադալյանն ասաց, որ, երբ Կառավարության ղեկավարը նման արտահայտություն է հնչեցնում, ապա դրան այդ նույն պետական համակարգը պետք է արձագանքի։

«Եթե այնտեղ քաղաքական գործիչներ են, անտարբեր չպետք է մնային, բա քաղաքական գործիչ՝ ենթադրում է, որ պետք է նրանք ունենան կարծիք, դիրքորոշում, սկզբունք, տեսակետ»,- ասաց նա։

Խոսելով պետական համակարգում ավելորդ մարդկանց մասին՝ Մանվել Բադալյանը նշեց.

«Այսօր այդ ավելորդ մարդկանց շարքում տեսնում եմ լուրջ դիրքեր զբաղեցնող մարդկանց, որոնք պետական մարմին գլխավորելով՝ իրենց կեցվածքով և իմիջով այդ մարմնին վնասում են»։

Ամփոփելով միտքը՝ Մանվել Բադալյանն ասաց, որ եկող իշխանության անելիքը շատ ավելի դժվար է լինելու, քան նախորդ իշխանություններինն էր:

«Եկող իշխանության բեռը շատ ավելի ծանր է լինելու, քան նախկիններինն է։ Շատ դժվար է լինելու շտկել այս իրավիճակը, այս հնի ու նորի, սևի ու սպիտակի բաժանումը»,- ասաց նա։

Հարցազրույցի մանրամասները՝ տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս