Բաժիններ՝

Ռոբերտ Քոչարյանի աջակից ներկայացող Վարուժան Մկրտչյանին մեղադրանք է առաջադրվել

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի աջակից ներկայացող Վարուժան Մկրտչյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 340-րդ հոդվածի 4-րդ մասի 1-ին կետով (սուտ ցուցմունք, կեղծ եզրակացություն տալու կամ սխալ թարգմանության համար կաշառելը կամ հարկադրելը, սույն հոդվածով նախատեսված արարքները, որոնք կատարվել են կազմակերպված խմբի կողմից): «Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին ասաց Հատուկ քննչական ծառայության մամուլի խոսնակ Մարինա Օհանջանյանը:

«Վարուժան Մկրտչյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 340-րդ հոդվածի 4-րդ մասի 1-ին կետով: Նշված քրեական գործի շրջանակներում նույն հոդվածով նախատեսված հանցավոր արարք կատարելու կասկածանքով ձերբակալվել է Արմեն Թավադյանը: Վարուժան Մկրտչյանի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել ստորագրությունը չհեռանալու մասին»,- ասաց Օհանջանյանը:

Դեկտեմբերի 19-ին ՀՀ ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչությունում ստացված տեղեկությունների հիման վրա իրականացված լայնածավալ օպերատիվ-հետախուզական միջոցառումներով եւ արդյունքներով նախապատրաստված նյութերով փաստական տվյալներ են ձեռք բերվել, որ Ռոբերտ Քոչարյանի աջակիցները հանդիպում են 2008 թվականի մարտի 1-ի դեպքերից տուժած անձանց և ականատես վկաների հետ ու նրանց փորձում են կաշառել, որպեսզի վերջիններս հրաժարվեն իրենց ցուցմունքներից։

«Մասնավորապես, Ռոբերտ Քոչարյանի աջակիցներից մեկը Քանաքեռում գտնվող իր գրասենյակ է հրավիրել մարտի 1-ի դեպքերից տուժած անձանցից մեկին ու առաջարկել հրաժարվել տուժողի կարգավիճակից, տված ցուցմունքից և չներկայանալ դատական նիստերին՝ հայտնելով, որ պատրաստ է վճարել այն գումարը, որը պետք է պետությունը տրամադրի որպես դրամական աջակցություն։ Բացի այդ, խոստացել է, որ իշխանափոխությունից հետո տուժողին կնշանակեն բարձր պաշտոնի։ Դեպքի առթիվ ոստիկանությունում քրեական գործ է հարուցվել։ Քրեական գործի շրջանակներում ի թիվս այլ գործողությունների կատարվել են խուզարկություններ։ Հանգամանքները քննությամբ պարզվում են»,- նշված է հաղորդագրության մեջ։

Դեկտեմբերի 21-ին ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի աջակից ներկայացող անձը ձերբակալվել էր: Նրա կողմից «Մարտի 1»-ի գործով տուժողներից մեկին կաշառք առաջարկելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննության կատարումը հանձնարարվել էր Հայաստանի Հանրապետության Հատուկ քննչական ծառայությանը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս