Կոռուպցիայի մեջ թաթախված մարդուն Փաշինյանը պարգևատրել է «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար երկրորդ աստիճանի» մեդալով. Իոաննիսյան

Ազգային անվտանգության մարմինների ծառայողի օրվան նվիրված նիստին վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ «Ազգային անվտանգության ծառայությունը երբեք չի անցել կարմիր գծերը, որոնք կարող են գոյություն ունենալ հանրային հարաբերություններում»:

«Իրազեկ քաղաքացիների միավորման» ծրագրի համակարգող Դանիել Իոաննիսյանը շատ է ցանկանում հասկանալ՝ ԱԱԾ-ն իր ո՞ր պարտականությունն է կատարել:

«Վարչապետի հեռախոսային խոսակցությունների գաղտնիության ֆունկցիան կատարե՞լ է, վարչապետի ոչ մի հեռախոսային խոսակցություն ոչ ոք չի՞ գաղտնալսել,- լրագրողների հետ հանդիպմանը հարցադրում արեց նա և հավելեց,- Կարմիր գծերի մասով վարչապետը կարծես թե ավելի լայն ժամանակաշրջան է վերցրել, այլ ոչ թե միայն իր պաշտոնավարման ժամանակաշրջանը: Ըստ այդմ՝ ես ուզում եմ հարցնել՝ 2018-ի օգոստոսի 22-ին ԱԱԾ հատուկջոկատայիններն առևանգեցին ընդդիմության առաջնորդ Նիկոլ Փաշինյանին: Դա կարմիր գծերի ո՞ր կողմում էր:

Վարչապետն այստեղ մի քիչ պիտի հստակեցնի: Տեսեք՝  իմ ձեռքի տակ ԱԱԾ քննչական դեպարտամենտի ղեկավարի հայտարարագիրն է, որն օրերս վարչապետի կողմից «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար երկրորդ աստիճանի» մեդալով պարգևատրվեց: Էս մարդը 2017-ին նշանակվել է Քննչական դեպարտամենտի պետ, 2017-2018-ին չունենալով որևիցե շարժական և անշարժ գույք, տրանսպորտային միջոց, ստացել է մոտ կես միլիոն դոլարի վարկ: Որ գնաք բանկ, ձեզ ինչքա՞ն վարկ կտան: Ես գնացի բանկ, ինձ տվեցին վարկ աշխատավարձիս հնգապատիկի չափով, որ շատ խնդրեմ՝ կարող է ամսական աշխատավարձիս տասնապատիկի չափով տան, բայց այս մարդուն տվել է վարկ իր աշխատավարձի հինգհարյուրապատիկի չափով: Ակնհայտ է, չէ՞, որ այս մարդը կոռուպցիայի մեջ թաթախված է, կոռուպցիայի մեջ չթաթախված մարդուն էդքան վարկ չեն տա»:

Տեսանյութեր

Լրահոս