Բաժիններ՝

Հայաստանի նկարիչների միության նախագահը՝ նախկինում կատարված 50 միլիոն դրամի խախտումների մասին

«Հայաստանի նկարիչների միությունում առերևույթ առանձնապես խոշոր չափերի հափշտակության փաստերով քրեական գործ է հարուցվել»,- նոյեմբերի 11-ին տեղեկացրեցին  Դատախազության հանրային կապերի բաժնից՝ նշելով, որ «Հայաստանի նկարիչների միություն» հասարակական կազմակերպության նախագահը 2019 թվականի սեպտեմբերի 25-ին Գլխավոր դատախազություն է ուղարկել միության ֆինանսատնտեսական գործունեության վերլուծության աշխատանքների 2017-2018 թվականների հաշվետվությունն այն մասին, որ նշված ժամանակահատվածում թույլ են տրվել մի շարք խախտումներ։

Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների դատախազության կողմից ոստիկանության Կենտրոնական բաժնին հանձնարարվել է այդ
կապակցությամբ նախապատրաստել նյութեր։

Նախապատրաստված նյութերով տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ Նկարիչների միության պատասխանատու անձանց կողմից 2017-2018 թվականներին առերևույթ յուրացման կամ վատնման եղանակով հափշտակվել են հասարակական կազմակերպությանը պատկանող առանձնապես խոշոր չափերի՝ մոտ 50 միլիոն դրամի գույքն ու դրամական միջոցները:

Մասնավորապես, ըստ ձեռք բերված նախնական տվյալների, առանց անհրաժեշտ հիմնավորումների, հաշվետվությունների և փաստաթղթերի, տրանսպորտային միջոցների շահագործման վառելիքի ծախսի, գործուղումների, մատուցված որոշակի ծառայությունների դիմաց՝ ինչպես կանխիկ, այնպես էլ՝ անկանխիկ դուրս են գրվել գումարներ, կազմակերպությանը պատկանող տարածքների, շինությունների վարձակալության դիմաց հաշվեգրվել են պայմանագրով նախատեսված վարձավճարների համեմատ էականորեն պակաս եկամուտներ, առկա չեն եղել նաև տվյալներ գույքահարկի և հողի հարկի գծով վճարումներ կատարելու վերաբերյալ և այլն։

Փաստերի առթիվ ոստիկանության Կենտրոնական բաժնում հարուցվել է քրեական գործ Քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով` «յուրացնելը կամ վատնելը, որը կատարվել է առանձնապես խոշոր չափերով»:

Քրեական գործը նախաքննություն կատարելու համար ուղարկվել է Քննչական կոմիտեի Երևանի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժին:

Հայաստանի նկարիչների միության նախագահ Սուրեն Սաֆարյանից լրագրողներն այսօր հետաքրքրվեցին, թե գործն ի՞նչ փուլում է։ Նա պատասխանեց, որ չեն կարող շատ բաներ ասել,  քանի որ գործը նախաքննության փուլում է, իսկ ավարտից հետո ամբողջական պատկերը կերևա։

  • Խախտումների մասին բազմիցս տեղեկացվել է միության նախկին նախագահ Կարեն Աղամյանին, նա հայտնել է իր կարծիքն ինչ-որ հիմնավորումների վերաբերյալ,- հավելեց Սուրեն Սաֆարյանը։

Վարչության անդամներից Արամ Իսաբեկյանն էլ նկատեց․

  • Կցանկանայինք, որ նման բաներ չլինեին․ պետք է աշխատենք, որ չկրկնվի սա։

 

 

 

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս