«ԱԱԾ-ի կողմից կարմիր գիծն անցնել-չանցնելու Փաշինյանի դատողությունները տեղին չեն». Արթուր Սաքունց
Ազգային անվտանգության մարմինների ծառայողի օրվան նվիրված նիստին վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ «Ազգային անվտանգության ծառայությունը երբեք չի անցել կարմիր գծերը, որոնք կարող են գոյություն ունենալ հանրային հարաբերություններում»:
Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ղեկավար Արթուր Սաքունցը «Հեղափոխությունը հասե՞լ է ԱԱԾ, թե՞ շրջանցել է այն. ՀԿ-ները մտահոգված են» թեմայով քննարկման ժամանակ հայտարարեց՝ Նիկոլ Փաշինյանի՝ ԱԱԾ-ի կողմից կարմիր գիծն անցնել-չանցնելու դատողությունները տեղին չեն:
Ըստ նրա՝ անվտանգության բուն էությունը պետական գաղտնիքն է, դրա պաշտպանվածությունը:
«Խոսել պետական գաղտնիքի մասին, այն դեպքում, երբ այն կրողները երկրից դուրս և մեկ պետության տարածքում են գտնվում, նրանց հսկողության տակ և ստանում նրանց հովանավորությունը, ավելի մեծ մարտահրավեր Ազգային անվտանգության ես չեմ պատկերացնում: Իսկ այս մարտահրավերները ոչ միայն կանխված չեն, այլև երաշխիք էլ չունենք, որ կարող են կանխվել հետագայում»,- հայտարարեց Սաքունցը՝ հավելելով, որ ըստ այդմ՝ հասկանալի չէ՝ Փաշինյանի ասած «կարմիր գծերն» իրենցից ինչ են ներկայացնում, որովհետև կան հստակ չափանիշեր, դա ցանկացած պետական մարմնի հաշվետվողականությունը և թափանցիկությունն է: Իսկ ժողովրդավարական, իրավական, ինքնիշխան պետության պայմաններում նաև հանրային վստահության չափանիշն է պետության հանդեպ:
Այս համատեքստում Արթուր Սաքունցը շեշտեց՝ մինչև հիմա չի տեսել կոռուպցիոն սխեմայի բացահայտում ԱԱԾ-ի ներսում՝ գործունեության շրջանակում:
«ԱԱԾ-ի՝ կարմիր գծի անցնելու֊չանցնելու մասին» դատողությունները տեղին չեն”.Սաքունցը՝ Փաշինյանի հայտարարության մասին