Բաժիններ՝

Լուծել համայնքի խնդիրները՝ հայ աշակերտների ստեղծած բոտի միջոցով

«Համայնքը ես եմ» 5-րդ ճամբարի մասնակիցներ Էդմոն Նազարյանը և Վիգեն Խաչատրյանը նախաձեռնել են «Ինտերակտիվ համայնքապետարան» համայնքային ծրագիրը, որի նպատակն է՝ ստեղծել ինտերակտիվ կապ ՏԻՄ-ի և բնակիչների միջև։

«Ինտերակտիվ համայնքապետարան» ծրագիրն իրենից ներկայացնում է Թալինի համայնքապետարանի ֆեյսբուքյան էջին կցված ավտոպատասխանիչ (բոտ), որն  օգտվողին թույլ է տալիս շատ արագ ստանալ Թալինի, նրա պատմության, տնտեսության, հուշարձանների, ՏԻՄ-ի գործունեության, ՏԻՄ-ի կազմի և ՏԻՄ-ին հարող իր իրավունքների մասին ինֆորմացիա։

Ծրագրի հեղինակներն աշակերտներ են։

«Մենք դեռ դպրոցական ենք, սովորում ենք 12-րդ դասարանում: Շատ դրական գնահատականներ ենք ստանում թե՛ աջակիցների և թե՛ ծրագրից օգտվողների կողմից: Պլանավորում ենք, որ ծրագիրը դառնա «պիլոտային», այսինքն՝ նախատիպ հանդիսանա այլ համայնքներում նմանատիպ ծրագրի իրականացմանը: Այժմ աշխատում ենք համակարգը կատարելագործել, ապա ծրագրային առաջարկներ ներկայացնել հնարավոր հետաքրքրված համայնքների ղեկավարներին՝ հետագա համագործակցության հեռանկարով»,- 168.am-ի հետ զրույցում նշում է նախագծի հեղինակներից մեկը՝ Էդմոն Նազարյանը։

Ավտոպատասխանիչը նաև օգտատերերին պարբերաբար կտեղեկացնի համայնքի նորությունների մասին։ Ինչպես նաև օգտատերը հնարավորություն կունենա ավտոպատասխանիչի միջավայրից կապ հաստատել համայնքապետարանի հետ (հեռախոսազանգ, էլփոստ, մուտք Թալինի պաշտոնական կայքէջ ): Այն նաև թույլ է տալիս բողոքներն ու առաջարկներն ուղղել նախաձեռնող խմբին, որոնք կփոխանցվեն համայնքապետարանին, իսկ հարկ եղած դեպքում  մի մասը կբարձրաձայնվեն ավագանու նիստերին:

Սիրարփի Աղաբաբյան

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս