«Փաշինյանը պետք է հստակ հայտարարի, թե Արցախի բանակցություններում որն է իր հայեցակարգը». Էդուարդ Շարմազանով
«Եթե Արցախի նախագահ Բակո Սահակյանի գնահատականներում հստակ է, որ անթույլատրելի է բանակցություններում «ադրբեջանական համայնք» կոչվածի մասնակցությունը, ապա վարչապետի ելույթում մենք նման բան չլսեցինք։ Մեր մտահոգությունները բոլոր այն հայտարարություններն են, որոնք արվել են Հայաստանի իշխանության կողմից։ Երբ Փաշինյանը հայտարարում է, որ Արցախը Հայաստան է, և վերջ, դա թուլացնում է հայկական կողմի դիրքերը բանակցություններում։ Այս ամենի արդյունքը մենք տեսանք, երբ Լավրովն ապտակ հասցրեց Հայաստանի իշխանություններին։
Փաշինյանի այդ հայտարարության արդյունքում մենք կորցրեցինք մեր գլխավոր «ջոկերը»՝ կառուցողականությունը»,- այսօր լրագրողների հետ հանդիպմանն ամփոփելով ներքաղաքական տարին՝ ասաց ՀՀԿ խոսնակ, կուսակցության գործադիր մարմնի անդամ Էդուարդ Շարմազանովը՝ անդրադառնալով 168.am-ի հարցին, թե Արցախի «ադրբեջանական համայնքին» առաջ քաշելու հետ կապված ի՞նչ վտանգավոր միտումներ է տեսնում, Հայաստանը դրա վերաբերյալ ադրբեջանական կողմի հայտարարություններին համարժեք պատասխան տալի՞ս է։
Նշենք, որ երեկ Վրաստանում Թուրքիայի, Ադրբեջանի և Վրաստանի արտգործնախարարների հանդիպմանն անդրադարձ է եղել նաև Արցախի հարցին,
որտեղ կողմերն ընդգծել են նաև փախստականների և հարկադիր տեղահանվածների անվտանգ վերադարձի կարևորությունը:
Էդուարդ Շարմազանովի խոսքով՝ պոպուլիստական է վարչապետի այն հայտարարությունը, որ Արցախի հարցի լուծման համար պետք է լինի այնպիսի տարբերակ, որն ընդունելի կլինի Արցախի, Հայաստանի և Ադրբեջանի ժողովուրդների համար, ուստի հարց է առաջանում՝ Ադրբեջանն ու իր ժողովուրդը դրան պատրա՞ստ են։
«Փաշինյանը պետք է հստակ հայտարարի, թե Արցախի բանակցություններում որն է իր հայեցակարգը, որն է փոխզիջումների գիծը, շատ մարդիկ նույնիսկ տարբերությունը չեն գիտակցում բանակցային կողմի և կոնֆլիկտի կողմի։
Սա տարածքային վեճ չէ Հայաստանի ու Ադրբեջանի միջև, սա ինքնորոշման իրավունքի իրացման խնդիր է, որի նպատակն Արցախի ժողովրդի 1991 թվականի հանրաքվեի արդյունքների պաշտպանությունն է»,- շեշտեց Էդուարդ Շարմազանովը։