Ափոյանը բերման է ենթարկվել մոտ մեկ շաբաթ առաջ տեղի ունեցած խուլիգանության դեպքի առիթով
168.am-ը տեղեկացրել էր, որ այսօր Երևանի պետական համալսարանի (ԵՊՀ) իր աշխատասենյակից բերման է ենթարկվել ԵՊՀ ուսանողական խորհրդի նախագահ Դավիթ Ափոյանը:
ԵՊՀ ուսխորհրդի նախագահին բերման էին ենթարկել ձեռնաշղթաներով, ուսանողների աչքի առաջ:
Մեզ տեղեկացրին, որ անցած շաբաթ իրավաբանական ֆակուլտետում հնչած կրակոցների գործով են ոստիկանները բերման ենթարկել Դավիթ Ափոյանին, և, թե իբր նա ճանաչում է իրավախախտում կատարած անձանց, գիտի վեճի պատճառն ու կարող է օգտակար լինել քննությանը, թեպետ որքան հասկացանք այդ կրակոցները հնչել են ոչ թե իրավաբանական ֆակուլտետում, այլ ԵՊՀ տարածքում, և հայտնի չէ, թե կրակողներն առհասարակ Համալսարանի հետ կապ ունեն, թե՞ ոչ։
Ոստիկանությունից մեզ հետ զրույցում ավելի վաղ հաստատել էին բերման ենթարկելու փաստը ու խոստացել, որ մանրամասներ կհաղորդեն ավելի ուշ:
Եվ ահա Ոստիկանության լրատվականից մեզ տեղեկացրին, որ Դավիթ Ափոյանը հարուցված քրեական գործի շրջանակներում բերման էր ենթարկվել ոստիկանության Մարաշի բաժանմունք և փոխանցվել Կենտրոնի քննչական բաժին:
Մանրամասներ փորձեցինք ճշտել Քննչական կոմիտեից:
«ՀՀ Քննչական կոմիտեի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում խուլիգանության դեպքի առթիվ քննվող քրեական գործի շրջանակներում բերման է ենթարկվել Ափոյանը: Դեպքը տեղի է ունեցել մոտ մեկ շաբաթ առաջ»,- 168.am-ի հետ զրույցում ասաց ՔԿ մամլո խոսնակ Նաիրա Հարությունյանը:
Վերջինս հավելեց նաև, որ քրեական գործը հարուցվել է ՀՀ Քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 4-րդ մասով: Դավիթ Ափոյանը մեղադրյալի կամ կասկածյալի կարգավիճակ չունի:
Ըստ էության, ստացվում է այնպես, որ 3 ժամը լրանալուն պես Դավիթ Ափոյանին պետք է ազատ արձակեն: