«Տպավորություն էր, որ Փաշինյանը մարշալ Ժուկովն է, որը Բեռլինն ազատագրել է, բայց դավադիրներն ուզում են հողերը հանձնել». Էդուարդ Շարմազանով

ՀՀԿ խոսնակ, կուսակցության գործադիր մարմնի անդամ Էդուարդ Շարմազանովն այսօր լրագրողների հետ հանդիպմանն ամփոփելով Հայաստանի ներքին քաղաքական տարին՝ նշեց, որ քաղաքական առումով տարին Փաշինյանի և իր թիմի չիրականացված խոստումների տարի էր, որոնք տվել են հեղափոխության առաջին օրվանից:

«Մեկ տարի անց չկա ներգաղթ, ըստ պաշտոնական տվյալների՝ 12.000 մարդով նվազել է բնակչության թիվը, չկան ներդրումներ և, պաշտոնական տվյալների համաձայն՝ 60  միլիոն դոլարով 9 ամիսների կտրվածքով նվազել են ներդրումները: Չկա նաև տնտեսական լուրջ հեղափոխություն, որի մասին խոսում էր Փաշինյանը: ՀՀԿ-ի կառավարությունն օրվա իշխանությունը թողել է երկնիշ տնտեսական աճով: Իսկ Փաշինյանի բյուջեի հիմքում հիմա դրված է 4,9 տոկոս տնտեսական աճ:
Փաշինյանը խոստանում է թռիչքաձև տնտեսական աճ, սակայն որևէ ոլորտ չկա, որ թռիչքային զարգացում լինի, տնտեսական հեղափոխությունը միֆ է: Ի հակադրումն այս ամենի՝ մենք ունենք թռիչքաձև աճ նախարարների աշխատավարձի առումով: Մինչ այդ որ վարչապետը հայտարարում էր, թե Հայաստանում կա 3 մլն վարչապետ, այդ վարչապետներից գաղտնի՝ բարձրացնում է նախարարների աշխատավարձը:  Մենք գործ ունենք պրեմիա-շոուի հետ, այս տարվա ընթացքում մենք ականատես եղանք պրեմիաների շքերթի. ԱԺ-ում 14  ամսվա ընթացքում, ըստ մամուլի՝ եղել է 14  պրեմիա»,- ասաց Էդուարդ Շարմազանովը:

Նրա խոսքով՝ տարին աչքի է ընկել նաև իշխանության կողմից չմտածված ծախսերով՝ վարչապետի Լոս Անջելես գնալը, կառավարական առանձնատան վերանորոգելն աստղաբաշխական թվերով, գորգեր լվանալը և այլն:

Տարին, ըստ նրա՝ եղել է նաև աբսուրդային հայտարարությունների տարի:

«Նախորդ տարվա սկզբին Փաշինյանն Իրանում հայտարարեց, որ Հայաստանում կան օտարերկրյա գործակալներ: Անցել է մեկ տարի, սակայն Փաշինյանը չի տվել որևէ օտարերկրյա գործակալի անուն: Սա ուղղակի խայտառակություն է, երբ պետության ղեկավարը նման հայտարարություն է անում, և որևէ գործակալ մինչև օրս բացահայտված չէ:

Հաջորդ հայտարարությամբ վարչապետը փորձում էր Արցախում դավադիր ուժեր փնտրել, սա խայտառակություն է. դավադիր ուժեր ասելով՝ նա նկատի ուներ այն ուժերին, որոնք ժամանակին հող են ազատագրել: Ինձ մոտ այնպիսի տպավորություն էր, որ Փաշինյանը մարշալ Ժուկովն է, որը Բեռլինն ազատագրել է, բայց դավադիրներն ուզում են հողերը հանձնել: Հաջորդ հայտարարությունը վերաբերում էր նրան, որ Փաշինյանը ֆեյսբուքյան ուղիղ եթերում ասաց, որ Արցախն անկախացել է Սովետական Ադրբեջանից, թան էլ չէ՝ փրթած մածուն: Աբսուրդային հայտարարությունները շատ են, թե Հռոմի պապն ինքն է, զուգահեռներ անցկացնել իր և Քրիստոսի միջև, որին չեմ  էլ ուզում անդրադառնալ»,- շեշտեց նա:

Շարմազանովը նաև ընդգծեց, որ 2019 թվականը պետական ինստիտուտների վրա հարձակման տարի էր, երբ Երկրորդ նախագահին ազատ արձակելուց հետո, վարչապետի կոչով շրջափակեցին դատարանների մուտքերը, ինչը հակասահմանադրական քայլ էր:

«Նիկոլ Փաշինյանը ևս մեկ անգամ ապացուցեց, որ իր քայլերը որևէ առնչություն չունեն ժողովրդավարության հետ: Դրանից հետո ականատես եղանք հարձակումների Սահմանադրական դատարանի վրա, ինչին էլ հաջորդեց օրենսդրական նախաձեռնությունը, որով փորձում են կաշառել ՍԴ դատավորներին, սա պետական կոռուպցիա է»,- եզրափակեց Էդուարդ Շարմազանովը:

Մանրամասները՝ տեսանյութում:

Տեսանյութեր

Լրահոս