«Աղջիկների դեմքից և նրանց տրամադրությունից ակնհայտ է, որ իսկապես ընտանեկան մթնոլորտում են մեծացել». Աննա Հակոբյան
ՀՀ վարչապետի տիկին, «Իմ քայլը» և «City of smile/Ժպիտների քաղաք» բարեգործական հիմնադրամների հոգաբարձուների խորհրդի նախագահ Աննա Հակոբյանը դեկտեմբերի 24-ին այցելել է Էջմածնում գործում «Մեր տուն» սոցիալական հասարակական կազմակերպություն։ Կազմակերպության հիմնադիր Տիգրանուհի Կարապետյանի ուղեկցությամբ Աննա Հակոբյանը շրջել է կառույցում, հանդիպել է կազմակերպության հարկի ներքո ապրող աղջիկներին և արդեն շրջանավարտներին։ Աղջիկներն Աննա Հակոբյանին պատմել են իրենց առօրյայի, նախասիրությունների, ուսանողական կյանքի, երազանքների ու նպատակների մասին։
«Աղջիկների դեմքից և նրանց տրամադրությունից ակնհայտ է, որ իսկապես ընտանեկան մթնոլորտում են մեծացել։ Հրաշալի աշխատանք եք կատարել։ Շատ կարևոր է այն ինչ դուք անում եք։ Եթե նախկինում դուք կարողացել եք այդ աշխատանքը անել և աղջիկներին ինտեգրել ու հասարակության լիարժեք անդամ դարձնել, հիմա, կարծում եմ, նոր կառավարության հետ շատ ավելի հեշտանալու է ձեր գործը, իսկ աղջիկներն շատ ավելի շահելու են»,- ասել է Աննա Հակոբյանը։ Տիգրանուհի Կարապետյանն էլ շեշտել է, որ «Մեր տան» աղջիկների ամենամեծ երազանքը եղել է բնակարան ստանալը։
«Այս տանիքի ներքո մենք ունեցել ենք և՛ լավ օրեր, և՛ դժվար օրեր, ամեն երեխա սպասել է բնակարան ունենալուն և այսօր արդեն այդ մեծ երազանքը կարծես դառնում է իրականություն։ Մեր շրջանավարտներից արդեն երկու հոգի ստացել են բնակարանի վկայական»,- ասել է Տիգրանուհի Կարապետյանը։
Հանդիպմանը աղջիկներն Աննա Հակոբյանին հյուրասիրել են իրենց ձեռքով պատրաստած հալվան ու թխվածքները, նաև նվիրել իրենց ձեռքով պատրաստած ձեռագործ և ասեղնագործ զարդեր, հուշանվերներ։
Այցի ավարտին Աննա Հակոբյանը գրառում է կատարել «Մեր տան» պատվավոր հյուրերի գրքում։