Փաշինյանն ու իր ընտանիքը «տանջվում» են, շքեղ կյանքից նեղվում. «Իրատես»
«Իրատես» թերթը գրում է. «Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, թե պետական համակարգը դիմակայում է հեղափոխությանը, բայց «առաջին տիկնոջ» ինստիտուտը կայանում է։ Դեռ մի կողմ թողնենք, որ Հայաստանում ո՛չ Սահմանադրությամբ առաջին տիկնոջ ինստիտուտ կա, ո՛չ էլ վարչապետի տիկինն է առաջինը համարվում (առաջին տիկինը, եթե շատ եք ուզում, Նունե Սարգսյանն է), պարզապես արձանագրենք կարեւոր մի հանգամանք. Փաշինյանը ճիշտ է, եթե Հայաստանում մի բան կայանում ու զարգանում է, նրա ընտանիքին է վերաբերում։
Աննա Հակոբյանի վերջին սրտառուչ գրառումներից կարելի էր հուզվել, եթե չլիներ մի էական «բայց»։ «Առաջին» տիկինն ասում է՝ «Շուշանն ամաչում է, Աշոտը «ախրանա» չի ուզում, Մարիամը ռեժիմով լաց է լինում, Արփին ուզում է տուն գնալ»։ Կարդում ես ու սիրտդ ճմլվում է, ինչո՞ւ են այսքան «տանջում» այս երեխաներին։
Բավական է, մի՛ փորձեք հիմարացնել ժողովրդին. չկա այդպիսի բան, որ վարչապետի ընտանիքը պարտադրված պիտի իշխանավայել կյանք վարի, աշխարհը ոտքի տակ տա, սեփական հավակնություններն ապահովելու համար էլ ինքնաթիռ ու զրահապատ մեքենաներ ունենա։ Օրենքն էլ է ձեր ձեռքում, իշխանությունն էլ։ Շատ հանգիստ կարող եք ձեզ զրկել այդ շքեղ կյանքից ու ապրել համեստ կենցաղով, առավել եւս, որ գործ ունեք աղքատ երկրի հասարակության հետ։
Ի դեպ, նախկիններին այդքան քննադատող ներկաներին հուշենք, որ ամենաերկար պաշտոնավարած վարչապետերից մեկը՝ Անդրանիկ Մարգարյանը, երբեք չի բնակվել կառավարական առանձնատանը, նա Ավանում գտնվող իր տանն է ապրել պաշտոնավարման տարիներին, հանգստյան ժամերն էլ շենքի տաղավարում հարեւանների հետ նարդի խաղալով է անցկացրել։ Այս առումով գոնե կարող եք, եթե անկեղծորեն ուզում եք, Արփիի ցանկությունն ի կատար ածել ու վերադառնալ ձեր տուն։
Անասելի «տանջալի» կյանքի մասին պատմող Աննա Հակոբյանի համար հերթական «պարտադրանքն» էլ հավանաբար պատշաճ տեսք ունենալն է։ Պարզվում է` նրա վարսահարդարման ու դիմահարդարման համար 1 տարում պետբյուջեից 39 հազար դոլար է հատկացվել։ Այս անգամ էլ տիկինն ունի ցնցող արդարացում։ «Ուզո՞ւմ եք հրաժարվեմ վարսահարդարումից եւ դիմահարդարումից, եւ ամեն տեղ ներկայանամ իմ բնական տեսքով, ես դա կանեմ առանց որեւէ բարդույթի, բայց արդյո՞ք դուք եւ բոլորը հավանության կարժանացնեք դա։ Դիմահարդարման եւ վարսահարդարման համար էլ, կներեք, անձնական գումարներ չունենք, որովհետեւ պետական բյուջեն տակից չենք թալանում եւ հարստություն դիզում»։
Տիկին Աննա, ուզում եք հարդարվեք, ուզում եք` չէ, դա Ձեր գործն է։ Շարքային հարկատուներիս համար ո՛չ տաք է, ո՛չ էլ սառը։ Հարդարվեք Ձեր սեփական գրպանի հաշվին, Ձեր ընտանեկան բյուջեն հարվածի տակ դնելով։ Թե՞ «ժողովուրդն իմ ընտանիքն է» ասվածը թույլ է տալիս մտնել նույն ժողովրդի գրպանը։
Այնուամենայնիվ, հետաքրքիր է` մեկ տարվա ընթացքում ի՞նչ են արել վարսահարդարն ու դիմահարդարը, չլինի՞ ամեն օր պլաստիկ վիրահատության են ենթարկել «առաջին» տիկնոջը, որ բյուջեի վրա 39.000 դոլար է նստել։ Իսկ մինչ Նիկոլի վարչապետ դառնալը Աննա Հակոբյանն ընդհանրապես չի՞ օգտվել հիշյալ ծառայություններից, իր անձնական գումարնե՞րը չի ծախսել այդ նպատակով։ Սա ի՞նչ կեղծավորություն է։
Հիմա, այո, «տակից» չեն թալանում բյուջեն, այլ հրապարակային, առանց ձեւականությունների։ Տիկին Աննա, ինչո՞ւ «տակից թալանել», եթե ապրում ես ըստ պահանջի` պե՞տք է, վերցնում ես բյուջեից։
Ասում է՝ անձնական գումարներ չունենք։ Է, չունես, ոտքդ սեփական վերմակիդ չափով մեկնիր։
Ի վերջո, հասկանայինք՝ բնակա՞ն տեսքով, թե՞ շպարված Աննա Հակոբյանն է ավելի «էժան» նստում պետության վրա»:
Ամբողջությամբ կարող եք կարդալ թերթի այսօրվա համարում: