
Զանգահարել են կազմակերպությունների ղեկավարներին, հրահանգնե՞ր տվել․ ՀՖՖ նախագահի ընտրության հետքերով. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» թերթը գրում է․ «Երեկ Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահի ընտրություններն անցան թեժ մթնոլորտում: Արտահերթ ժողովի պատվիրակների կողմից ՀՖՖ նախագահ ընտրվեց Արմեն Մելիքբեկյանը. նրա օգտին քվեարկել էր 13 պատվիրակ, Թովմաս Գրիգորյանի օգտին` 7, իսկ 3 քվեաթերթիկ էլ անվավեր էր ճանաչվել:
ՀՖՖ նախագահի ընտրությունները հարթ չանցան, դրանից առաջ էլ արդեն իսկ բարձրաձայնվում էին առկա ճնշումների մասին: «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով` երեկ եւս` Արմեն Մելիքբեկյանի ընտրվելուց հետո, պատվիրակներն ու ներկաներն իրար մեջ կրկին խոսում էին այդ ճնշումներից:
Ավելին, պարտված թեկնածու Թովմաս Գրիգորյանը համապատասխան ձայնագրություններ ունի, ըստ որոնց` զանգահարել են կազմակերպությունների ղեկավարներին, հրահանգներ տվել: Սակայն «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում Գրիգորյանը հայտնեց, թե դեռ որոշում չունի իրավապահներին դիմելու մասով. այս պահին նրանք քննարկում են ընտրությունների արդյունքներն ամբողջովին անվավեր ճանաչելու եւ բողոքարկելու տարբերակը: Նրանք վերջնական որոշման կհանգեն այսօր»:
Ամբողջությամբ կարող եք կարդալ թերթի այսօրվա համարում: