Ղրիմի կամրջի 4 տարվա շինարարությունը ցուցադրել են 2 րոպեանոց տեսանյութում
Կերչի նեղուցի վրայով Ղրիմի թերակղզու եւ Կրասնոդարի երկրամասի միջեւ կամրջի շինարարությունը, որը տեւել է չորս տարի, ցուցադրել են երկուրոպեանոց տեսանյութում: Հոլովակը հրապարակված է «Կրիմսկի մոստ» տեղեկատվական կենտրոնի Yoytube-ալիքում։ 147 վայրկյան տեւող տեսագրության կադրերում ամբողջությամբ արտացոլված է կամրջի կառուցման գործընթացը:
Նաեւ հոլովակում հաղորդվում է, որ աշխատանքների ընթացքում օգտագործվել է 23-ից մինչեւ 108 մետր երկարությամբ 7 հազար ցից, 8,6 մլն տոննա նյութեր, 595 հենասյուն եւ 160 հազար տոննա կամրջամաս: Նաեւ հայտնի է, որ նախագծի վրա աշխատել են 15 հազար բանվորներ ու ինժեներներ: Ինչպես արդեն հաղորդվել է, ՌԴ-ի նախագահ Վլադիմիր Պուտինը բացել է Կերչի նեղուցով Ղրիմի կամրջի երկաթուղային մասի երթեւեկությունը: Թամանում կայացած հանդիսավոր արարողությանը պետության ղեկավարը մեկնումի հրաման տվեց, եւ Ղրիմ ուղեւորվող առաջին գնացքը Սանկտ Պետերբուրգի Մոսկովսկի կայարանից շարժվեց Սեւաստոպոլ:
«Տավրիա» անվանումը կրող շարժակազմը մեկնել է դեկտեմբերի 23-ին ժամը 14:00-ին եւ թերակղզի կժամանի դեկտեմբերի 25-ի ժամը 09:25-ին: Այսպիսով, գնացքը ճանապարհին կգտնվի 43 ժամ 25 րոպե: Կերչի նեղուցով կամրջի երկարությունը 19 կիլոմետր է, այն դարձել է ամենաերկար կամուրջը Ռուսաստանում: Կամուրջը կառուցվել է դաշնային բյուջեի հաշվին, դրա ընդհանուր արժեքը կազմել է գրեթե 228 միլիարդ ռուբլի: Կամրջի ավտոմոբիլային մասը բացվել է 2018 թվականի մայիսի 15-ին, մարդատար ավտոմեքենաների եւ ավտոբուսների երթեւեկությունը գործարկվել է հաջորդ օրը: