ԱՄՆ-ում ռոբոտներն օգնում են բացիկներ գրել տոների կապակցությամբ
ԱՄՆ-ում գալիք տոների նախաշեմին տարածում են ստանում ռոբոտների օգնությամբ սուրբծննդյան եւ ամանորյա բացիկներ պատրաստելու ծառայությունները: Շնորհավորանքներ ուղարկելու համար բավական է ներբեռնել հավելվածը կամ հայտ թողնել նոր ծառայության մեջ մասնագիտացող ֆիրմաներից մեկի կայքում։
Մեքենաներն օգտագործում են գրիչ եւ ավելի ճշմարտանման երեւալու համար դրանք կարելի է ծրագրավորել այնպես, որ նամակում հայտնվեն թանաքաբծեր ու թանաքակաթիլներ: Ռոբոտը, նմանակելով ձեռագիրը, տառերի միջեւ կթողնի տարբեր տարածություններ: Ինչպես The Washington Post թերթին պատմել է Handwrytten ծառայության հիմնադիր Դեւիդ Վաքսը, իր ռոբոտները գրում են կապույտ մածուկով, քանի որ «դա ավելի իրատեսական է, քան սեւով գրելը»:
Գրասենյակում աշխատում է 80 «գրագիր» եւ, «հաշվի առնելով արտադրության աճող տեմպը, հարկ է լինում յուրաքանչյուր շաբաթ ավելացնել եւս երկու-երեք նոր «աշխատակիցների»:
Ամսական գրվում է շուրջ 100 հազար նամակ ու բացիկ, սական դեկտեմբերին մոտեցող Սուրբ Ծնունդի եւ Ամանորի կապակցությամբ գալիս է թեժ շրջանը: Վերջին ամսին բաժին է ընկնում ամբողջ տարեկան շրջանառության 15 տոկոսը: Հարահոսն աշխատում է շուրջօրյա, մեքենաներն ազդանշան են տալիս միայն այն ժամանակ, երբ վերջանում է թուղթը կամ թանաքը: Մեկ գրիչը բավականացնում է մոտավորապես 150 էջի: Նորույթի քննադատները պնդում են, որ ոչ մի բան չի կարող փոխարինել անձամբ գրված ավանդական տոնական բացիկին եւ ծառայությունը համարում են անօգուտ:
Կողմնակիցները հակադարձում են, որ կարեւոր չէ, թե ինչ ձեւով է գրված նամակը, գլխավորը բովանդակությունն է: Որպես լրացուցիչ փաստարկ ներկայացվում է գինը՝ մեկ բացիկի համար 3 դոլարից փոքր-ինչ ավելի, հաղորդել է ՏԱՍՍ-ը: