Ճապոնիայում թույլատրել են մարդու գեղձը խոզի օրգանիզմում բուծելու գիտափորձը. NHK
Ճապոնիայի կառավարությանը կից Պետական փորձագիտական խորհուրդը դեկտեմբերի 23-ին Մեյձիի համալսարանի հետազոտողների խմբին՝ պրոֆեսոր Հիրոսի Նագասիմայի գլխավորությամբ, թույլատրել է կատարել խոզի օրգանիզմում մարդու ենթաստամոքսային գեղձի բուծման՝ երկրում առաջին գիտափորձը: Այդ մասին հայտնել է NHK հանրային հեռուստատեսությունը:
Պրոֆեսոր Նագասիմայի խումբը մտադիր է գենետիկական մանիպուլյացիաների միջոցով խոզի բեղմնավորված ձվաբջիջը զրկել ենթաստամոքսային գեղձ ստեղծելու հնարավորությունից: Այնուհետեւ այնտեղ կներդրվեն մարդու մակածված ցողունային բջիջներ: Խոզի օրգանիզմ վերադառնալուց հետո ձվաբջիջը պետք է զարգանա որպես ենթաստամոքսային գեղձի սաղմ, որն ունի մարդու օրգանին մոտ հատկանիշներ:
Գիտափորձի ժամանակ ենթադրվում է սոսկ մինչեւ որոշակի մակարդակ հետեւել գործընթացին: Խոսքն առայժմ չի վերաբերում մարդու օրգանների բուծմանը: Ճապոնիայում առաջվա պես արգելված է մարդուն փոխպատվաստել կենդանիների օրգանիզմում բուծված օրգաններ, հաղորդել է ՏԱՍՍ-ը: