Բաժիններ՝

Տավուշի ոստիկանները գողության 100-ից ավելի դեպք են բացահայտել․ 3 անձ կալանավորվել է

Դեկտեմբերի լույս 8-ի գիշերը Իջևան-Նոյեմբերյան ճանապարհին կայանված «ԶԻԼ» մակնիշի բեռնատարի գազաբալոններից երկուսը, լուսարձակները, ձայնային ազդանշանը, ձայնարկիչը գողացել էին։ Գողություն էր արվել նաև Գանձաքար գյուղում կայանված «ԶԻԼ» բեռնատարից։ Հափշտակել էին մեքենայի գազաբալոնները՝ տիրոջը պատճառելով 100 հազար դրամի վնաս։ Գողության դեպքեր գրանցվեցին նաև ոստիկանության Իջևանի բաժնի սպասարկման տարածքի Կիրանց, Այգեհովիտ, Աչաջուր գյուղերում։ Օրեր անց գողությունների թիվը գերազանցեց մի քանի տասնյակը։

Ոստիկանության Իջևանի բաժնի քրեական հետախույզները, համագործակցելով Տավուշի մարզային վարչության և տարածքային ստորաբաժանումների ծառայողների հետ, պարզեցին, որ հիշյալ գողությունները կատարել են Երևանի բնակիչ չորս երիտասարդ։

Կասկածվողները հայտնաբերվեցին ու բերման ենթարկվեցին, ապա ներկայացվեցին նախաքննական մարմնին։ Օպերատիվ-հետախուզական միջոցառումների և քննչական գործողությունների արդյունքում փաստական տվյալներ ձեռք բերվեցին, որ բերման ենթարկվածներն ընդհանուր 100-ից ավելի գողություն են արել նաև հանրապետության այլ մարզերում։

Կատարված խուզարկությունների արդյունքում հայտնաբերվել են գողացված իրերի մի մասը, որոնք առգրավվել են՝ հետագա գործողությունների համար։

Երիտասարդներին մեղադրանք է առաջադրվել, երեքը կալանավորվել են, մեկը՝ ստորագրությամբ բաց թողնվել։ Հարուցված քրեական գործի նախաքննությունը շարունակվում է։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս