«2020-ին անհրաժեշտ են արտահերթ խորհրդարանական ընտրություններ». Աշոտյան

Իշխանություններն ամեն կերպ փորձում են վիժեցնել արտախորհրդարանական քաղաքական միտքը: Այս մասին «Ոսկանապատ» վերլուծական կենտրոնի համաժողովի ընթացքում հայտարարեց ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը:

«Չեն գալիս անգամ հանրային հարթակներում կարծիք հայտնելու, որովհետև, կենցաղային լեզվով ասած, չեն ուզում մեզ «բանի տեղ դնել»: Սա տապալված ռազմավարություն է, քանի որ այս մեկ տարվա ընթացքում քաղաքական օրակարգ ՀՀ-ում ձևավորվել է մեծամասամբ արտախորհրդարանական քաղաքական և հանրային շրջանակներից»,- նշեց նա:

Աշոտյանը նաև հավելեց, որ գործող իշխանությունը քայքայում է արժեհամակարգային մատրիցան՝ ներմուծելով «ճշտի և սխալի», բարոյականի և անբարոյականի նոր ալգորիթմ, որը քայքայում է բոլոր այն սոցիալական կապերը, որոնք եղել են ՀՀ-ում:

«Ցանկացած հասարակություն ունի իր կառուցվածքը, անգամ ամենաժողովրդավարները, ՀՀ-ում իշխանափոխությունը բերել է նրան, որ բոլորս մեր վանդակներից և բջիջներից դուրս ենք ընկել»,- ընդգծեց քաղաքական գործիչը:

Ըստ այդմ, Աշոտյանի խոսքով՝ Վանգա է պետք լինել՝ կանխատեսելու, թե ինչ է լինելու 2020-ին. առավոտն արթնանում ենք մի օրակարգով և չգիտենք, թե հետո օրն ինչպես է մթնելու:

«Չգիտենք, թե ինչ նոր սկանդալ է ի հայտ գալու՝ իրենց նոր ծախսերի հետ կապված: 2020-ը կանխատեսելը դժվար է, որովհետև այս իշխանությունները ծանրության կենտրոնով շեղված գնդակ են: Եթե 2018-ին կարող էինք արձանագրել, որ իշխանությունն ուներ հանրային աջակցություն, ապա 2019-ին արագընթաց քայքայման տարի էր, իսկ22020թ. լինելու է իշխանությունների ունեցած հանրային աջակցության պատրանքը պահպանելու տարի: Նիկոլ Փաշինյանի իշխանությունը խարսխված է բացառապես մի բանի վրա՝ կամ հանրային աջակցություն, ինչպես կար 2018-ին, կամ հանրային աջակցության պատրանք, ինչպես կա 2019-ի վերջին և կլինի 2020-ին: Նա շատ լավ հասկանում է՝ ներսի և դրսի լուրջ քաղաքական դերակատարները շատ ավելի վճռական կլինեն, եթե չուտեն այն «կտերը», թե ինքը վայելում է հասարակության մի զգալի հատվածի աջակցությունը: Ես չեմ հավատում ՀՀ-ում այս ընթացքում իրականացված ոչ մի սոցհարցման, իհարկե, ես անցկացնողներին չեմ մեղադրում մանիպուլյացիաների կամ սարքած սոցհարցումների մեջ: Չեմ հավատում սոցհարցումներին, ոչ թե՝ որ չեմ հավատում իրականացնողներին, այլ չեմ հավատում հասարակության կարծիքի ուսումնասիրությանն այն հասարակությունում, որտեղ սոցհարցումներին մասնակցելու հրաժարվողների թիվն ավելի մեծ է, քան մասնակիցներինը»,- ընդգծեց ՀՀԿ փոխնախագահը՝ պնդելով, որ այսօրվա իշխանական ռեժիմը դառնում է առավել ավտորիտար, ինչպես Չավեսինն էր, Մորալեսինը: Մյուս կողմից, ըստ նրա՝ իշխանությունները հենարան են ընտրում սոցիալապես անապահով և կրթական ցածր ցենզ ունեցող խավին: Այսինքն՝ Նիկոլ Փաշինյանը գնում է դեպի լատինաամերիկյան պոպուլիզմ:

Աշոտյանի խոսքով՝ այս իշխանությունների հակակոռուպցիոն պայքարը հետևյալ տրամաբանության մեջ է. կամ կոռուպցիա պետք է քիչ լինի, կամ մեր մասնակցելու հնարավորությունն այդ կոռուպցիային՝ ավելի շատ:

«Աշխատավարձի գաղտնի կրկնապատկումներ, միլիոնավոր դոլարների հասնող չարաշահումներ, կամազների գործ, 3-4 նիկոլականի հետ կապված կոռուպցիոն սկանդալով քրեական գործ, խոսում է հենց սրա մասին… Երբ մեր վարչապետի տիկինը հաստատեց՝ այո, պետական բյուջեից մոտ 40.000 դոլար ծախսել է իր արտաքին տեսքի համար, ինձ հետաքրքրեց՝ Մերկելի ամուսինն իր արտաքին տեսքի վրա պետական բյուջեից միջոցներ ծախսո՞ւմ է, և որքա՞ն: Պարզվեց, որ անգամ Անգելա Մերկելը, լինելով վարչապետ, իր արտաքին տեսքի և անձնական կյանքի վրա պետական միջոց չի ծախսում: Հիմա ինքը կոռումպացվա՞ծ է, դրա համա՞ր դրա կարիքը չունի»,- ասաց Աշոտյանը:

ՀՀԿ փոխնախագահը պնդեց՝ 2020-ին անհրաժեշտ են արտահերթ խորհրդարանական ընտրություններ:

Տեսանյութեր

Լրահոս