
Ֆիլհարմոնիկը տարին կամփոփի հանրահայտ դաշնակահարուհի Խատիա Բունիաթիշվիլու հետ համերգով

Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբը 2019 թվականի համերգային տարին կավարտի համաշխարհային մեծության աստղ դաշնակահարուհի Խատիա Բունիաթիշվիլու հետ համատեղ համերգով, որը տեղի կունենա դեկտեմբերի 23-ին Արամ Խաչատրյան համերգասրահում:
«Բունիաթիշվիլին բացառիկ մենակատար է, որի հետ ներկայացնելու ենք Ռախմանինովի թիվ 2 դաշնամուրային կոնցերտը, իսկ համերգի երկրորդ բաժնում` Ռիմսկի-Կորսակովի «Շեհերեզադե» ստեղծագործությունը»,-դեկտեմբերի 23-ին լրագրողների հետ զրույցում տեղեկացրեց Ֆիլհարմոնիկ նվագախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Էդուարդ Թոփչյանը:
Նա նշեց, որ տարին իրենց համար շատ հետաքրքիր էր: «Երեք օպերային նախագիծ ենք իրականացրել: Կարծում եմ` «Օթելլո»-ն ցնցող էր, Երևանյան միջազգային երաժշտական փառատոնն էր տպավորիչ, հիանալի էր «Երևանյան հեռանկարներ» միջազգային երաժշտական փառատոնի շրջանակում համագործակցությունը տարբեր մենակատարների հետ: Գլխավոր ձեռքբերումներից մեկն այն է, որ բոլոր համերգներին լավ հանդես եկանք: Ելույթներ ունեցանք այնպիսի դիրիժորների հետ, ինչպիսիք են Անդրեյ Բորեյկոն և այլք»,-շեշտեց գեղարվեստական ղեկավարն ու գլխավոր դիրիժորը:
Թոփչյանի խոսքով`իր կարևորագույն նպատակը նվագախմբի մակարդակը բարձր պահելն է: «Ամեն օր այս մտքով գալիս եմ փորձի և այդ մտքով հեռանում: Մեր նվագախումբ շատ լավ է նվագում, և դա մեծագույն ձեռքբերում է»,- եզրափակեց Էդուարդ Թոփչյանը: