Բաժիններ՝

«Հյուսային հոսքի» կառուցումը կագնեցվել է, Կրեմլը հայտարարում է, որ պատժամիջոցներն անընդունելի են

Allseas շվեյցարական ընկերությունը դեկտեմբերի 22-ին Բալթիկ ծովից դուրս է բերել այն նավերը, որոնք զբաղվում էին «Հյուսային հոսք-2» գազատարի անցկացմամբ: Այդ մասին հայտնել է Bloomberg գործակալությունը՝ վկայակոչելով ընկերության ներկայացուցչին։

Ավելի վաղ ԱՄՆ-ի ֆինանսների նախարարությունը հայտնել է «Հյուսային հոսք-2» եւ «Թուրքական հոսք» գազատարների դեմ պատժամիջոցների ուժի մեջ մտնելու մասին: Վաշինգտոնը խողովակների անցկացմամբ զբաղվող ընկերություններից պահանջել է անհապաղ դադարեցնել աշխատանքը:

Գերմանիայի կառավարությունը դատապարտել է ամերիկյան պատժամիջոցները, դրանք համարելով միջամտություն երկրի ներքին գործերին, սակայն ԳԵրմանիայում ԱՄՆ-ի դեսպան Ռիչարդ Գրենելը հայտարարել է, որ Վաշինգտոնի այդ գործողությունը «շատ եվրոպամետ» է, հաղորդել է Financial Times-ը:

Նրա խոսքով՝ ԵՄ-ի 15 երկիր, ինչպես նաեւ Եվրահանձնաժողովը եւ Եվրախորհրդարանը, իրենց մտահոգությունն են հայտնել ռուսական գազատարի շինարարության կապակցությամբ եւ ԱՄՆ-ին խնդրել են հնարավոր ամեն ինչ անել Եվրոպային էներգակիրների մատակարարումը դիվերսիֆիկացնելու համար:

Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովն ասել է, որ գազատարի կառուցումն ավարտին կհասցվի անկախ Վաշինգտոնի որոշումներից: Ներկա դրությամբ գցված է արդեն 2100 կիլոմետր գազատար, մինչեւ Գերմանիա մնում է մոտավորապես 300 կիլոմետր:

Կրեմլում նշում են, որ «Հյուսային հոսք-2»-ի դեմ ԱՄՆ-ի պատժամիջոցներն անընդունելի են, այստեղ հույս ունեն, որ դրանք խոչընդոտ չեն դառնա նախագիծն ավարտելու համար, ասել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը:

«Մենք ելնում ենք այն բանից, որ նման պատժամիջոցներն անընդունելի են մեզ համար, եւ մենք, իհարկե, այն բանի հույսն ունենք, որ նույնիսկ նման քայլերը խոչընդոտ չեն դառնա այդ կարեւոր նախագծի կառուցումն ավարտելու համար»,-ասել է Պեսկովը, պատասխանելով այն հարցին, թե որքան կտեւի դադարը շինարարության մեջ եւ արդյոք բանակցություններ կանցկացվեն Allseas-ի հետ, հաղորդել է BBC-ն:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս