Գիտնականներին հաջողվել է քառակի ավելացնել փոխպատվաստման համար օրգանների կոնսերվացման ժամանակը
Փոխպատվաստման համար օրգանների կոնսերվացման ժամանակը կարելի է քառապատիկ ավելացնել. կենդանիների վրա տեխնոլոգիայի փորձարկումները կսկսվեն 2020 թվականին: Այդ մասին ՏԱՍՍ-ին հայտնել է Ռուսաստանի Դաշնային բժշկակենսաբանական գործակալության Ա. Ի. Բուռնազյանի անվան Դաշնային բժշկագիտական կենսաֆիզիկական կենտրոնի նոր վիրաբուժական տեխնոլոգիաների լաբորատորիայի վարիչ Ալեքսանդր Սուշկովը:
«Մեր խմբի համար շատ համոզիչ են Ռուսաստանի Գիտությունների ակադեմիայի Բջջի կենսաֆիզիկայի ինստիտուտի լաբորատորիայի աշխատանքի արդյունքները՝ Հեռանկարային հետազոտությունների հիմնադրամի օժանդակությամբ: Ստանդարտի համեմատությամբ նոր մեթոդը թույլ է տալիս չորս անգամ ավելացնել օրգանի կոնսերվացման տեւողությունը եւ ըստ որում պահպանել դրա կենսունակությունը»,- ասել է Սուշկովը:
Նա հավելել է, որ լաբորատորիան սկսել է գորտերի եւ կրծողների սրտից, այնուհետեւ գիտափորձեր են կատարվել խոշոր կենդանիների՝ ոչխարների եւ խոզերի վրա: Ի տարբերություն հեղուկի մեջ օրգանների կոնսերվացման՝ գոյություն ունեցող տեխնոլոգիայի, ռուսաստանցի գիտականները մշակել են կոնսերվացնող գազ, հաղորդել է ՏԱՍՍ-ը: