Լիանա Կարապետյանը 3 միլիոն դրամ գրավի դիմաց ազատ է արձակվել

Երևան քաղաքի Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանը՝ դատավոր Ռոբերտ Պապոյանի նախագահությամբ, Երևանի «Մանկան տուն» ՊՈԱԿ-ի տնօրեն Լիանա Կարապետյանի նկատմամբ թույլատրելի է համարել այլընտրանքային խափանման միջոց գրավի կիրառումը և գրավի չափը սահմանել է 3 միլիոն դրամը: 168.am-ի հետ զրույցում այս տեղեկությունը հաստատեց Լիանա Կարապետյանի փաստաբան Ալեքսան Խաչատրյանը:

«Նախ դատարանը Լիանա Կարապետյանի ձերբակալումը ճանաչեց ոչ իրավաչափ, ապա քննարկելով խափանման միջոցի հարցը՝ թույլատրելի համարեց գրավի կիրառումը: Այս պահին գրավի գումարը մուծված է, և Լիանա Կարապետյանը ազատ է արձակվել»,- 168.am-ին ասաց փաստաբան Ալեքսան Խաչատրյանը:

Փաստաբանից հետոքրքրվեցինք՝ արդյո՞ք «Մանկան տուն» ՊՈԱԿ-ի տնօրենը երկուշաբթի կարող է սովորականի նման գնալ աշխատանքի, թե՞ կա նրա պաշտոնավարման կասեցման վերաբերյալ որևէ որոշում:

«Կասեցվելու վերաբերյալ որևէ տեղեկատվություն առկա չէ, ես նման տեղեկություն չունեմ: Չեմ կարող ասել՝ երկուշաբթի աշխատանքի կգնա՞, բայց կրկնում եմ, որ պաշտոնավարման կասեցման վերաբերյալ որևէ տեղեկություն ինձ հայտնի չէ: Համենայն դեպս մեզ որևէ նման բան ներկայացված չէ»,- ասաց փաստաբանը:

Սա նշանակում է, որ Լիանա Կարապետյանը երկուշաբթի կարող է գնալ «Մանկան տուն» ՊՈԱԿ և շարունակել կատարել տնօրենի իր պարտականությունները:

Հիշեցնենք, որ «Մանկան տուն» ՊՈԱԿ-ի տնօրեն Լիանա Կարապետյանի նկատմամբ մեղադրանք է առաջադրվել  օտարերկրացիներին երեխաների ապօրինի որդեգրման դեպքերի առթիվ հարուցված քրեական գործի շրջանակում։ Նրանից բացի, մեղադրանք է առաջադրվել ևս երկու անձի` «Վերարտադրողական առողջության, պերինատոլոգիայի, մանկաբարձության և գինեկոլոգիայի ինստիտուտ» ՓԲ ընկերության տնօրեն Ռազմիկ Աբրահամյանին, փոխտնօրեն Արշակ Ջերջերյանին։

Դեկտեմբերի 21-ին, ժամը 14:00-ին Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանում դատավոր Դավիթ Բալայանի նախագահությամբ նշանակված դատական նիստում պետք է քննվեր օտարերկրացիներին երեխաների ապօրինի որդեգրման դեպքերի առթիվ հարուցված քրեական գործով մեղադրյալ, «Վերարտադրողական առողջության, պերինատոլոգիայի, մանկաբարձության և գինեկոլոգիայի ինստիտուտ» ՓԲ ընկերության տնօրեն Ռազմիկ Աբրահամյանի խափանման միջոցի հարցը: Դատարանի որոշման մասին տեղեկություններ մեզ դեռևս հայտնի չեն:

Հիշեցնենք, դեկտեմբերի 19-ին նույն դատարանը, դատավոր Դավիթ Բալայանի նախագահությամբ, ոչ իրավաչափ էր ճանաչել Աբրահամյանի ձերբակալման որոշումը,  և Աբրահամյանն ազատ էր արձակվել:

Տեսանյութեր

Լրահոս