«Նորից քաղաքական երանգ է տրվելու այդ դատավարությանը». Արամ Սարգսյանը՝ «Հոկտեմբերի 27»-ի գործի վերաբացման մասին
Գլխավոր դատախազությունը ստացել է Անահիտ Բախշյանի՝ «Հոկտեմբերի 27»-ի գործից անջատված մասի կարճման որոշումը վերացնելու և նոր քննություն սկսելու դիմում-պահանջը:
Օրեր առաջ պարզ դարձավ, որ «Հոկտեմբերի 27»-ի ահաբեկչության զոհերից Յուրի Բախշյանի այրին՝ Անահիտ Բախշյանը, որոշել է դիմել Գլխավոր դատախազություն՝ պահանջով՝ վերացնել «Հոկտեմբերի 27»-ի գործից անջատված մասի կարճման որոշումը և սկսել նոր քննություն։
Վազգեն Սարգսյանի եղբայրը՝ «Հանրապետություն» կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը, 168.am-ի հետ զրույցում կրկնեց օրեր առաջ լրատվամիջոցներից մեկի եթերում արտահայտած միտքը՝ Անահիտ Բախշյանին, այնուամենայնիվ, աջակցելու է՝ ինչով կարող է, բայց շարունակում է մնալ իր տեսակետին՝ հետևյալ հիմնավորումներով.
«Առաջին՝ երկրում դատական համակարգի բարեփոխումների գործընթացի, նույնիսկ՝ ՍԴ-ի հետ կապված խնդիրներն ամբողջովին լուծված չեն, երկրորդ՝ հանրությունը վստահություն չունի դատական որոշումների առումով, և ցանկացած դատական որոշում վեճի խնդիր է դառնում, երրորդ՝ քաղաքական այս իրավիճակում, երբ քաղաքական, քաղաքական ենթատեքստ ունեցող կամ քաղաքական անձանց դատավարությունների քանակն այնքան շատ է, որ քննչական և դատախազական խմբերը չեն հասցնում ամբողջությամբ խորանալ, հիմա մի հատ էլ մտնել «Հոկտեմբերի 27»-ի գործի բացահայտման նախաքննական փուլ և փորձել դա տանել, համարում եմ սխալ, քանի որ կարծում եմ, որ դա միանշանակ շահարկվելու է: Նորից քաղաքական երանգ է տրվելու այդ դատավարությանը, ինչը եղել է նախկինում, և որի պատճառով նախկինում եղած դատավարությունը վստահություն չի ներշնչում: Այսօրվա քաղաքական փուլում դա նույն երանգներն է ստանալու, այն է՝ օգտագործվելու է տարբեր թևերի կողմից, ինչի կողմնակիցը չեմ»:
Իր հերթին՝ Անահիտ Բախշյանը 168.am-ի հետ զրույցում, հարցին՝ մտավախություն չունի՞, որ «Հոկտեմբերի 27»-ի գործը կարող է շահարկվել, պատասխանեց.
«Մտավախություն ունենայի՝ չէի անի: Իսկ դա կանեմ, երբ ստանամ Գլխավոր դատախազությունից պատասխան իմ դիմումին, լա՞վ: Ուրիշ բան չեմ ասի»:
ՀՀ գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանը մեզ հետ զրույցում հաստատեց, որ Անահիտ Բախշյանի դիմումը ստացել են:
«Քննարկվում է: Սահմանված կարգով կտեղեկացնենք արդյունքի մասին տիկին Բախշյանին»,- նշեց Աբրահամյանը: