«Ցավում եմ, որ այսօր ՀՀ ԱԱԾ-ն պատահաբար կամ դիտավորյալ աջակցում է մեր թշնամիներին». Անդրանիկ Հովհաննիսյան
«ՀՀ-ում Ղազախստանի դեսպանության հյուպատոսից տեղեկացել եմ, որ ՀՀ ԱԳՆ-ից իմ հարցի հետ կապված որևէ հստակ պարզաբանում չի ներկայացվել։ ՀՀ ԱԳՆ աշխատակիցներն ընդամենը հղում են արել ԱԱԾ-ի կողմից տարածված հայտնի ապատեղեկատվությանը»,- 168.am-ի հետ զրույցում ասաց Ղազախստանի քաղաքացի Անդրանիկ Հովհաննիսյանը, որի մուտքը ՀՀ արգելվել էր:
«Դեպքի առաջին իսկ օրվանից ես պաշտոնապես հայտարարել եմ, որ Հայաստանի Հանրապետության անվտանգության ծառայությունն իմ հարցի հետ կապված տարածել է կեղծ տեղեկություն։ Մեղադրանքն ինքնին աբսուրդային է։ Այն որևէ կերպ չի կարող առնչություն ունենալ իմ անձի հետ։ Լավ կլինի՝ ՀՀ ԱԱԾ-ն այս անհեթեթ մեղադրանքի վերաբերյալ լրացուցիչ բացատրություններ տրամադրի, այլապես՝ թող բարի լինեն մուտքի արգելքը հանել, որ ես վերադառնամ հայրենիք»,- ասաց նա:
Անդրանիկ Հովհաննիսյանը վստահեցնում է, որ շարունակելու է պայքարել, որպեսզի այս հարցին տրվի արդար և իրավական լուծում: Նա համոզված է, որ ոչ հեռու ապագայում կվերադառնա հայրենիք:
«Բոլորիս հայտնի է, որ դարեր շարունակ մեր թշնամիներն ամեն գնով փորձել են իրականացնել մի ծրագիր, որի նպատակն է եղել տարանջատել միմյանցից հային և Հայաստանը։ Ցավում եմ, որ այսօր ՀՀ Անվտանգության ծառայությունը պատահաբար կամ դիտավորյալ աջակցում է մեր թշնամիներին։ Ամեն դեպքում, հային սեփական հայրենիքից վտարելը խայտառակություն եմ համարում»,- ընդգծեց նա:
«ԱԱԾ ղեկավարությանը պաշտոնապես հայտնում եմ, որ ես իմ խոսքերից չեմ հրաժարվում. եթե դեպի Հայաստան ԱԱԾ-ի կողմից իմ մուտքի արգելքը հանվի, պատրաստ եմ առաջին իսկ չվերթով վերադառնալ Հայաստան, և, եթե Ազգային անվտանգության ծառայությունը կկարողանա ապացուցել, որ ես վտանգ եմ ներկայացնում Հայաստանի և հայ ժողովրդի համար, կամ երբևէ որևէ հանցանք եմ գործել՝ ուղղված հայկական պետականության դեմ, թող ինձ կալանավորեն և դատեն օրենքով սահմանված կարգով»,- եզրափակեց Անդրանիկ Հովհաննիսյանը: