Օբամեյանգը ցանկանում է լքել «Արսենալը» և տեղափոխվել գավաթների համար պայքարող ակումբ․ The Independent
Մարզիչ Միկել Արթետան, որը կգլխավորի «Արսենալը», բախվելու է որոշ խաղացողներին թիմում մնալու հարցում համոզելու խնդրին, ասում է The Independent-ը:
Ֆուտբոլիստ Պյեր-Էմերիկ Օբամեյանգը, ըստ աղբյուրի, ակտիվորեն ցանկանում է հեռանալ «Արսենալից»:
30-ամյա գաբոնցին մտադրվում է տեղափոխվել մի ակումբ, որը, նրա կարծիքով, կարող է ավելի արագ և արդյունավետ պայքարել գավաթների համար, խաղացողն իրականում չի ցանկանում լինել միջնաժամկետ ծրագրի մաս:
Հարձակվող Ալեքսանդր Լյակազետը և կիսապաշտպան Գանիտ Ջական, ի թիվս այլոց, ևս հեռանալու ցանկություն են հայտնել։ Ըստ աղբյուրի՝ «թիմի կեսը» նման տրամադրություններ ունի:
Սա կապված չէ Արթետայի նշանակման հետ, այլ ակումբի զարգացման վեկտորի ընդհանուր բացակայության հետ:
Արթետայի մեկ այլ խնդիրն «Արսենալում» մեծ տրանսֆերային ֆոնդի բացակայությունն է: Այս առումով՝ Օբամեյանգի նման խաղացողների վաճառքը կարող է պահանջվել ապագայում:
Օբամեյանգը կարող է մնալ Անգլիայում, ինչպես նաև տեղափոխվել Իսպանիայի առաջնություն, մասնավորապես՝ «Բարսելոնա»։
Անգլիայում Օբամեյանգի ծառայություններով հետաքրքրված էր «Մանչեսթեր Յունայթեդը», որն արդեն մի քանի տարի հետևում էր գաբոնցուն։ Սակայն, խաղացողի որակները չեն համոզել ակումբին գործարքը կատարելու անհրաժեշտության մեջ, հայտնում է The Athletic-ը:
Աղբյուրի լրագրող Դավիդ Օրնշտեյնը, վկայակոչելով իր գործընկեր Ռաֆայել Հոնիգշտեյնին, ասել է, որ «Մանչեսթեր Յունայթեդն» առավել ուշադիր հետևում էր Օբամեյանգին 2016 և 2017 թվականներին, երբ հարձակվողը խաղում էր Դորտմունդի «Բորուսիայի» կազմում և 91 խաղում խփեց 73 գոլ:
Սակայն «Մանչեսթեր Յունայթեդի» ղեկավարությունը համոզված չէր Օբամեյանգին գնելու անհրաժեշտության մեջ: Նրանք փոշմանել են՝ հաշվի առնելով նրա գինը («Բորուսիան» ցանկանում էր ստանալ հարձակվողի համար մոտ 70 միլիոն ֆունտ), տարիքը (նա 2019 թվականին դարձավ 30 տարեկան) և Օբամեյանգի՝ թիմի խաղին հարմարվելու հնարավորությունները:
Հաղորդվում է, որ «Մանչեսթեր Յունայթեդի» նախկին գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինիոն կարծում էր, որ թիմին անհրաժեշտ է հարձակվող, որը կարող է ճնշում գործադրել պաշտպանների վրա և պահել գնդակը:
«Յունայթեդը» չի զարգացրել խաղացողի նկատմամբ հետաքրքրությունը, չնայած այն հանգամանքին, որ ակումբի ներկայացուցիչները մարզադաշտից հետևում էին Բունդեսլիգայում և Չեմպիոնների լիգայում նրա մեծ թվով խաղերին:
Այն բանից հետո, երբ «Մանչեսթեր Յունայթեդի» նախկին հարձակվող Զլատան Իբրահիմովիչը ծնկի լուրջ վնասվածք ստացավ 2017 թվականի ապրիլին, «Յունայթեդը» որոշեց ձեռք բերել հարձակվող Ռոմելու Լուկակուին և ամռանը 75 միլիոն ֆունտ ստեռլինգ վճարեց «Էվերթոնին»:
Օբամեյանգը տեղափոխվեց «Արսենալ» 56 միլիոն ֆունտով։
Սիրարփի Աղաբաբյան