Բաժիններ՝

2019թ. ամփոփում՝ առարկայական բազում մտահոգություններ այլևս իրողություն են

Տարվա ընթացքում, հնարավոր բոլոր եղանակներով ներկայացրել ենք սոցիալ-տնտեսական ոլորտում տեսանելի մի շարք մտահոգություններ՝ մասնագիտական պատշաճ հիմնավորումներով: Բարձրաձայնել ենք արձանագրվող կոնկրետ ձախողումների, չլուծվող, հետաձգվող, սակայն առաջնային նշանակություն ունեցող խնդիրների մասին:

Գործող իշխանությունն էլ խորացնում է իր պոպուլիստական դիրքավորումը՝ ի սկզբանե որդեգրված հետևյալ մոտեցմամբ.
«Հաջողացրել ենք քաղաքացիների 70 տոկոս քվեն: Մենք գիտենք ամեն ինչ և անսխալական ենք: Հռչակել ենք հանրության բոլոր խնդիրների լուծմանը վերաբերող առավելագույն ցանկություններ: Չենք խանգարելու, եթե քաղաքացիները դրանք կյանքի կոչեն, հակառակ դեպքում՝ թող մեղադրեն իրենք իրենց, նախկիններին, ընթացս կասենք նաև այլ մեղավորների մասին, բայց ո՛չ երբեք՝ օրվա իշխանություններին»:

Ընդհանուր առմամբ, սա հետևանք է իշխանական ուժի գաղափարախոսական հիմքի բացակայության, կառավարության հռչակած հնգամյա այն ծրագրի, որը չունի ժամանակացույց և չափելի արդյունքներ և որի իրականացման ողջ պատասխանատուն քաղաքացին է: Գործողների «տրամաբանությամբ»՝ որքան շատ են քաղաքացու սոցիալական խնդիրները, այնքան մեծ է նրա պատասխանատվությունը իշխանական խոստումները կատարելու գործում:

Բնականաբար, նման իրավիճակում շարունակում են չլուծված մնալ աղքատության հաղթահարման և քաղաքացիների կյանքի որակի բարելավման առաջնային խնդիրները: Փոխարենը՝ անկաշկանդ կյանքի են կոչվում ընթացիկ փոփոխություններին վերաբերող մտահոգությունները և դառնում են արձանագրված ձախողում, տրված խոստումների և փաստացի վիճակի խորացող խզում:

Հետևաբար, իշխանությունները խնամքով վերանայում են իրենց խոստումների կատարման ժամանակացույցը՝ արդեն մանիպուլիացիաներով, մեղավորներ փնտրելով և նոր խոստումներով: Այսպիսով, հանրային դրական սպասումներն են օր-օրի նահանջում՝ իրենց տեղը զիջելով …
Ստորև բերված են 2019թ. իրողություն դարձած, առարկայական որոշ փաստեր, որոնց այլևս պիտի բախվեն թե՛ գործող, թե՛ ապագա իշխանությունները:

Պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգը վերջնականապես արմատավորվեց, որը պետական բյուջեից մշտապես պահանջելու է ավելացող ծախսեր. 2019թ.՝ 56 միլիարդ դրամ, 2020թ.՝ 70 միլիարդ դրամ և այսպես շարունակ: Կենսաթոշակների և նպաստների չափերը մնացին նույնը՝ միջինը շուրջ 40 տոկոսով ցածր նվազագույն կենսապահովման զամբյուղից: Չհամակարգված աշխատանքի հետևանքով 2019թ. ևս ավարտին չհասցվեց 2018թ. հետաձգված կենսաթոշակային ոլորտի կարևոր բարեփոխումներից մեկը՝ աշխատանքային գրքույկների թվայնացումը:

Աղքատության նպաստների հասցեականության ապահովմանն ուղղված ընտանիքների անապահովության գնահատման համակարգն արմատապես վերանայելու խոստումները կատարելու փոխարեն՝ 2019թ. իրականացվեցին դրվագային փոփոխություններ՝ խորացնելով առկա խնդիրները:
Այս խնդիրների խոստացված լուծումները կձևավորեին նաև անհրաժեշտ միջոցներ՝ կենսաթոշակների և նպաստների չափերը նույնիսկ կրկնապատկելու, զբաղվածության պետական աջակցության, կայուն աշխատատեղ ստեղծող և սոցիալական ներառական զարգացման այլ ծրագրեր իրականացնելու համար: Արդյունքում՝ շեշտակի կնվազեր աղքատության մակարդակը: Փոխարենը՝ ընդամենը 10 տոկոսով, այն էլ 2020թ. կբարձրանան կենսաթոշակները:
2018թ. աղքատության մակարդակը 2017թ. համեմատ նվազել է ընդամենը 2,2 տոկոսային կետով՝ կազմելով 23,5 տոկոս: 2017թ. աղքատության կրճատման ցուցանիշը (3,7 տոկոսային կետ) 1,7 անգամ ավել է եղել, քան 2018թ. ցուցանիշը:

2019թ. Ստեփանակերտի հրապարակում ՀՀ վարչապետը խոստացավ՝ մինչև 2050թ. Հայաստանը ունենալու է 5 միլիոն մշտական բնակչություն: Նախ՝ իշխանության գալուց հետո իրենց նախընտրական խոստումն էապես վերանայեցին. 2040թ. խոստանում էին 6 միլիոն մշտական բնակչություն: Ի դեպ, 2018թ. սկզբին նախորդ իշխանությունը քննարկման էր ներկայացրել ժողովրդագրական ռազմավարության նախագիծ, որը հանվեց շրջանառությունից՝ որպես նախկին: Երկու տարի անց գործողները վերադառնում են նախկինների լուծումներին և հիմնական թիրախին՝ 2040թ. բնակչության թիվը հասցնել 4 միլիոնի: 2018-2019թթ. չունեցանք ժողովրդագրական իրական ազդեցություն ունեցող ոչ մի նախաձեռնություն: Փոխորենը նորից պոպուլիզմ՝ դրված նպատակի տեսանկյունից ի սկզբանե խնդրահարույց փոփոխություններ, պետական բյուջեի անարդյունավետ հերթական ծախսեր. 2018թ. 2-րդ երեխայի, 2020թ. նախատեսվում է նաև 1-ին երեխայի ծննդյան միանվագ նպաստի չափի բարձրացում, բազմազավակ 13 հազար ընտանիքներից ընդամենը 9 ընտանիքների պատվովճարի տրամադրում, որոնք պարգևատրված են «Ծնողական փառքի» մեդալով: Գործող կառավարության հնգամյա ծրագրում ոչ մի խոսք չկա բազմազավակ ընտանիքներին պետական աջակցության մասին, որը Սահմանադրության 83-րդ և 86-րդ հոդվածների պահանջն է: Բազմազավակ ընտանիքների աջակցության օրենքի նախագիծը իշխանափոխությունից հետո հանվեց շրջանառությունից, իսկ 2018-2020թթ. պետական բյուջեներով, 2020-2022թթ. պետական միջնաժամկետ ծախսային ծրագրով բազմազավակ ընտանիքների աջակցության պետական ծրագիր և ֆինանսական միջոցներ նախատեսված չեն:

Պաշտոնական ցուցանիշներով արձանագրվող ընթացքով 2050թ. մշտական բնակչության թիվը կդառնա օրվա իշխանությունների նպատակադրածի կեսը՝ 2,5 միլիոն: Մասնավորապես՝ 2018-2019թթ. մշտական բնակչությունը նվազել է 25000-ով, 2019թ. հունվար-սեպտեմբերին՝ բնակչության բնական հավելաճը նվազել է 500-ով, ծնվածների թիվը 2017թ. նույն ժամանակահատվածի համեմամտ նվազել է 1121-ով, միգրացիայի բացասական մնացորդը կազմել է -14700 (2017թ.՝ -13500), 35549 ՀՀ քաղաքացիներ մեկնել ու մնացել են արտասահմանում, փոխարենը՝ հայտնի երկրներից 25692 օտարերկրացիներ են եկել ու մնացել Հայաստանում:

Զբաղվածության ոլորտում իշխանության հռչակած չափելի թիրախները վերաբերում են 2050թ.-ին՝ «միջին աշխատավարձի 7-ապատկում, 2,5 միլիոն մարդ լինելու է զբաղված, ՀՆԱ-ի 15-ապատկում, այսինքն՝ տարեկան միջինը 9,5 տոկոս աճ»: Օրերս հաստատված «Աշխատիր Հայաստան» հնգամյա ռազմավարության հիմնական նպատակադրումներից է զբաղվածության ծրագրերի արդյունքում աշխատանքի տեղավորվածների թվի ավելացումը, որի համար թիրախավորվել է տարեկան ընդամնեը 5 տոկոս աճ: Փաստորեն, գործազրկության կրճատման և զբաղվածության աճի հեղափոխական խոստումները հենց ստացան թվային արտահայտություն և դարձան իշխանության համար չափելի պարտավորություն՝ «թռիչքայինից» դարձան «սողացող»: Իսկ 2018-2019թթ. զբաղվածության պետական ծրագրերի աննախադեպ թերակատարման հետևանքով գործազուրկների աշխատանքի տեղավորման կորցված հնարավորությունը կվերականգնվի 25 տարում՝ այս ռազմավարությամբ թիրախավորմամբ:

Գրանցված աշխատողների թվաքանակի միջին ամսական աճն աննախադեպ բարձր է եղել 2018թ. հունվար-ապրիլ ամիսներին՝ 7192: Իշխանափոխությունից հետո այս ցուցանիշը նվազել է 40 տոկոսով՝ 2018թ. մայիսից մինչև 2019թ. նոյեմբեր կազմում է 4292: 2019թ. հունվար-հոկտեմբեր ամիսներին նոր ստեղծված աշխատատեղերի ընդհանուր թիվը (գնահատվել է զբաղվածության պետական գործակալության տվյալներով) ընդամենը 850 է, որը կազմում է այդ ժամանակահատվածում նոր գրանցված աշխատողների թվաքանակի աճի (46000) շուրջ 2 տոկոսը: Այսինքն՝ 2019թ. գրանցված աշխատողների թվաքանակի աճի 98 տոկոսը ստվերի կրճատման արդյունք է, որը գործազրկության պատկերի վրա չի ունեցել իրական ազդեցություն:

Արժանապատիվ աշխատանքի ապահովման առումով հատկանշական է նաև հետևյալ հարցը՝ ու՞ր մնաց ցածր եկամուտ ունեցողների եկամուտների առավել արագ աճն ապահովելու իշխանական խոստումը: 2019թ. հունվար-հոկտեմբերին միջին աշխատավարձը նախորդ տարվա համեմատ աճել է ընդամենը 5,9 տոկոսով՝ առաջին անհրաժեշտության ապրանքների իրական գնաճից ավելի քիչ չափով: Իսկ բարձրաստիճան պաշտոնյաների աշխատավարձը հայտնի խնդրահարույց պարգևատրումներով կրկնապատկվեց, այսինքն՝ աճեց միջին հանրապետական ցուցանիշի 20-ապատիկի չափով: 2020թ. նախատեսված է նվազագույն ամսական աշխատավարձի չափի բարձրացում՝ 55000-ից 68000 դրամ: Սակայն պետական համակարգի վարձատրության ընդհանուր չափերը որոշող բազային աշխատավարձը չի բարձրանալու: Իսկ 2020թ. պետական բյուջեում կանխատեսվող միջին աշատավարձի աճը հավասար է գնաճին: 2020թ. նաև՝ համահարթեցվում է եկամտային հարկի եռաստիճան պրոգրեսիվ սանդղակը և սահմանվում է միասնական մեկ դրույքաչափ: Չի նվազելու մինչև 150000 դրամ ամսական աշխատավարձ ստացող՝ աշխատողների 65 տոկոսի եկամտային հարկի բեռը:
2018-2019թթ. աշխատանքի և զբաղվածության ոլորտում խոստացված օրենսդրական բարեփոխումները ևս չկան ու չկան: ՀՀ աշխատանքային օրենսգրքի անհրաժեշտ փոփոխությունների փաթեթը ևս՝ պոպուլիստական դրդապատճառով հանվեց շրջանառությունից: Բայց իշխանական որոշ պատգամավորներ այդ փաթեթից անձնական էֆեկտներ են ստանում՝ որպես իրենց օրենսդրական նախաձեռնություն փոքր կտորներ, իրավական որոշ ձևախեղումներով ներկայացնում են Ազգային ժողով: «Զբաղվածության մասին» ՀՀ օրենքի փոփոխություններով էլ վերացվում են՝ զբաղվածության ծրագրերի տարածքային բաշխման և ակնկալվող արդյունքների թիրախավորման պահանջները, կոռուպցիոն ռիսկերի կանխարգելման և ծախսարդյունավետության բաղադրիչները:

2018թ. հունվար-ապրիլին նախկինների օրոք տնտեսական ակտիվության ցուցանիշը հասավ 9,5 տոկոս, որին երկարաժամկետում ձգտում են գործողները: 2018թ. հաջորդ ամիսներին այն նվազեց և տարին ամփոփվեց 5,6 տոկոսով: 2019թ. հունվար-հոկտեմբերին այս ցուցանիշը 7,1 տոկոս է, իսկ 2020թ. պետական բյուջեով նախատեսվում է 4,9 տոկոս:

Գործող իշխանությունների ծրագրային խոստումներից է ներդրումների և արտահանման առաջանցիկ աճի ապահովումը՝ որպես տնտեսական նոր մոդելի իրական հիմք: 2019թ. պաշտոնական վերջին տվյալներով օտարերկրյա ուղղակի ներդրումների զուտ ներհոսքը (ներհոսքի և արտահոսքի տարբերությունը) նվազել է շուրջ 60 միլիարդ դրամով՝ նախորդ տարվա համեմատ: Ներդրումների տեսանկյունից առաջնային գործոն է պետական բյուջեի կապիտալ ծախսը, որի թերակատարումը 2019թ. հունվար-հոկտեմբեր ամիսներին կազմում է 61 տոկոս:
Արտահանման խթանմանը վերաբերող պետական նոր ծրագրեր և գործիքներ ևս չկան: Պատկերն էլ հուսադրող չի՝ 2019թ. 1-ին կիսամյակում արտահանումը նվազել էր 0,5 տոկոսով, իսկ հունվար-հոկտեմբերին աճել է ընդամենը 7,9 տոկոսով: Իշխանափոխությունից առաջ՝ 2018թ. հունվար-ապրիլին, գրանցվել է 3,3 անգամ ավել արտահանման աճ՝ 25,7 տոկոս:

Փաստորեն, հետաձգվում են համակարգային բնույթի, հրատապ բարեփոխումները, արձանագրվել են ընթացիկ կառավարման բազմաթիվ ձախողումներ: Այստեղ առարկայական խնդիր է բարձրաստիճան «ընտրյալների» և «ասիչների» աշխատանքի ցածր որակը: Այս խնդիրների համար յուրային ոչ մի բարձրաստիճան պաշտոնյա այդպես էլ պատասխանատվության չի ենթարկվել:
Փոխարենը՝ պետական կառավարման իրական բեռը քաշող միջին օղակն է թիրախավորվում և պիտակավորվում, վերջում արդեն՝ որպես հակահեղափոխական:

Փաստորեն՝ զարգացման հանրային ռեսուրսը կառավարվում է «կազինոյի էֆեկտով»: Իսկ պետական կառավարման ոլորտում լիարժեք համակարգված է միայն հանրային համերաշխության և համախմբման դեմ մղվող պայքարը:
2019թ. ավարտվում է, առաջիկայում իղձերի իրականացման տոներն են, և հույս միշտ կա …

Թադևոս Ավետիսյան
ՀՅԴ Բյուրոյի տնտեսական հետազոտությունների գրասենյակի
ծրագրերի համակարգող

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս