Արցախի ամեն գյուղ իր պատմությունն, իր հերոսներն ունի․ Արմեն Սարգսյանը այցելել է Ասկերանի շրջանի Հարավ գյուղ
Աշխատանքային այցով Արցախի Հանրապետությունում գտնվող Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը տիկնոջ՝ Նունե Սարգսյանի և Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանի հետ երեկ երեկոյան այցելել է Ասկերանի շրջանի Հարավ գյուղ:
Նրանք նախ հարգանքի տուրք են մատուցել և ծաղիկներ խոնարհել Հայրենական մեծ պատերազմի և արցախյան ազատամարտի զոհերի հիշատակը հավերժացնող հուշարձանին։
Այնուհետև նախագահ Սարգսյանը զրուցել է բնակիչների հետ, շրջայց կատարել համայնքում։ Այստեղ վերջերս «Հայաստան» համահայկական հիմնադրամի ֆինանսավորմամբ ավարտվել են լուսավորության աշխատանքները, և ներկայումս համայնքն ապահովված է լուսավորության համակարգով։ Համայնքի ղեկավար Անդրանիկ Ղազարյանը նախագահին տեղեկություններ է ներկայացրել կատարված աշխատանքների մասին։
Նախագահ Սարգսյանը եղել է նաև գյուղի Սուրբ Մեսրոպ եկեղեցում, ծանոթացել դեռ 18-րդ դարում կառուցված եկեղեցու ներկա վիճակին։
Շրջայցից հետո նախագահը հյուրընկալվել է Քարամյանների ընտանիքում։ «Ուրախ եմ, որ այսօր այստեղ եմ։ Արցախի ամեն գյուղ իր պատմությունն, իր հերոսներն ունի։ Այստեղ ամեն գյուղ մտնելուց առաջ պետք է գլուխ խոնարհես․ խոնարհես նախ զոհված հերոսների, ապա՝ նրանց առջև, որոնք իրենց ընտանիքներն են պահում, թոռներ ու ծոռներ ունեն ու այս երկիրն են շենացնում,- ասել է նախագահը։- Նախագահ Բակո Սահակյանի հետ մեր հարգանքի տուրքը մատուցեցինք հերոսների հիշատակին, հիմա էլ այստեղ, ի դեմս ձեզ, բոլոր հարավցիների առջև ենք գլուխ խոնարհում։ Գլուխ ենք խոնարհում Արցախի ողջ ժողովրդի առջև, քանի որ ինչ-որ իմաստով մեր ժողովրդի առաջապահն եք։ Եթե դուք հանգիստ եք, վստահ եք, ձեր գյուղը, քաղաքն այստեղ զարգացնում եք, մենք էլ վստահ ենք, որ Ղարաբաղը լինելու է այն, ինչ եղել է դարերով ու շարունակելու է այդպես էլ մնալ»։