Թուրքիան անպատասխան չի թողնի «Թուրքական հոսքի» դեմ ԱՄՆ-ի պատժամիջոցները. Էրդողան
Թուրքիայի նախագահ Թայիփ Էրդողանը խոստացել է պատասխան միջոցներ ձեռնարկել, եթե Միացյալ Նահանգները պատժամիջոցներ սահմանի «Թուրքական հոսք» նախագծի դեմ: Համապատասխան հայտարարությունը նա լրագրողներին արել է ինքնաթիռում՝ վերադառնալով Մալայզիա կատարած ուղեւորությունից։
«Նրանք (ամերիկյան իշխանությունների ներկայացուցիչները) ասում էին, որ քայլեր կձեռնարկեն С-400-ի եւ F-35-ի կապակցությամբ: Բայց դրանք ավարտված գործեր են, մենք այդ մասին քանիցս խոսել ենք: Այժմ նրանք առանց ամաչելու ասում են, որ պատժամիջոցներ կսահմանեն «Թուրքական հոսքի» կապակցությամբ: Անտարակույս, նման բոլոր քայլերի համար մենք նույնպես պատժամիջոցներ կկիրառենք»,-Էրդողանի խոսքը դեկտեմբերի 20-ին մեջբերում է NTV հեռուստաալիքը:
Նա հավելել է, որ ԱՄՆ-ի կողմից այդ քայլը կարելի է դիտարկել որպես «բացահայտ միջամտություն Թուրքիային գործերին»:
ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը, ինչպես սպասվում է, դեկտեմբերի 20-ին կստորագրի 2020 ֆինանսական տարվա (սկսվել է հոկտեմբերի 1-ին) ռազմական բյուջեն: Պլանը, մասնավորապես, նախատեսում է հակառուսական պատժամիջոցներ «Հյուսիսային հոսք-2» եւ «Թուրքական հոսք» գազատարների նկատմամբ, հաղորդել է ՏԱՍՍ-ը: