Վաչագան Սարգսյանի հեղինակած այբբենարանի տեղն աղբամանն է. իմքայլական պատգամավոր

Ազգային ժողովում այսօր ընթանում է «Կրթության ոլորտի բարեփոխումներն ու առաջիկա ռազմավարական մարտահրավերները» թեմայով քննարկում, որի ժամանակ ելույթ ունեցավ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սոնա Ղազարյանը։

Իմքայլական պատգամավորն իր ելույթում նշեց, թե երազում է ունենալ այնպիսի հասարակություն, որտեղ կինն ու տղամարդը կունենան իրենց երազանքներին հասնելու հավասար հնարավորություններ և, եթե ցանկանում են՝ նաև իրենց  երազանքն ի կատար ածվի, հարկավոր է խորքային գնահատականներ տալ իրավիճակին։

«Որպեսզի այս օրակարգն ի կատար ածվի, հարկավոր է դիագնոստիկա տալ այն իրավիճակին, որը կար մինչ այս պահը։ Ես ցանկանում եմ խոսել ուսուցիչների մասին։ Իրականում մենք ունենք շատ լուրջ խնդիր ուսուցիչների կարծրատիպային մոտեցումների հետ. օրինակ, 2013 թվականի հարցումների արդյունքում պարզվել է, որ Շիրակի մարզում ուսուցչուհին աղջիկներին հորդորում է համեստ լինել, իսկ տղաներին ասում է՝ մի՛ լացեք, տղամարդ եք։ Այստեղ մենք գործ ունենք մի ուսուցչական կազմի հետ, որը կարծրատիպային մոտեցում ունի, որն էլ իր հերթին՝ խոչընդոտ է հանդիսանում իրապես հավասար հասարակություն կրթելու հարցում»,- ասաց պատգամավորը։

Վերջինս խոսեց նաև դասագրքերի մասին և նշեց, որ վերջերս բախտ է ունեցել բացել այբբենարանը և ապշել է։

«Վերջերս բախտ վիճակվեց բացել այբբենարանը, որը հեղինակել է Սարգսյան Վաչագանը։ Ես պարզապես ապշած եմ այդ այբբենարանի լուսանկարներից, որտեղ կինը մշտապես ներկայացված է՝ որպես տնային տնտեսուհի, իսկ տղամարդը՝ որպես հիմնական աշխատուժ։ Կներե՛ք, բայց ես կարծում եմ, որ այդ այբբենարանի տեղն աղբամանում է»,- ասաց Ղազարյանը։

Մանրամասները՝ տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս