Բաժիններ՝

ՔԿԾ պետը՝ «զոն նայող»-ի և «ստավկա»-ի մասին

Քրեակատարողական ծառայության ղեկավարության հստակ և անփոփոխ պահանջն է` քրեակատարողական հիմնարկներում չպետք է լինեն ազատությունից զրկված այնպիսի անձինք, ովքեր կունենան արտոնյալ պայմաններ: ԱՆ քրեակատարողական ծառայության կենտրոնական մարմնում դեկտեմբերի 20-ին տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ այս մասին ասաց ծառայության պետ, արդարադատության գեներալ-մայոր Արթուր Գոյունյանը:

«Ինձ լուրեր են հասել, որ քրեակատարողական հիմնարկներում առանձին գործընթացների, ծառայությունների համար որոշված են եղել ու գանձվել են գումարի կայուն դրույքաչափեր, այսպես կոչված, «ստավկաներ»: Օրինակ` հասարակության մեջ լուրեր են տարածված եղել, որ սահմանված հասանելիքից ավել յուրաքանչյուր կարճատև տեսակցության համար գանձման ենթակա գումարի դրույքաչափը կազմել է 100 ԱՄՆ դոլար, երկարատև տեսակցության դրույքաչափը 300 ԱՄՆ դոլար, հանձնուքի համար՝ 100 ԱՄՆ դոլար:

Դրույքաչափեր են եղել սահմանված նույնիսկ մարմնավաճառների ծառայություն մատուցելու համար 300 ԱՄՆ դոլարի սահմաններում, իսկ ունևոր խավի համար՝ մինչև 1000 ԱՄՆ դոլարի սահմաններում: Գումարներ են գանձվել նաև տույժ չնշանակելու և նշանակված տույժը սահմանված ժամկետից շուտ հանելու համար և այլն»,- ասաց Գոյունյանը:

Ըստ ՔԿԾ պետի` մշտապես շոշափվող հաջորդ թեման եղել է, այսպես կոչված, «զոն նայողների» առկայությունը:
«Նրանք եղել են հիմնական եղանակ ստեղծողները, դրության տերերը, վարչակազմի հետ հարաբերություններ ստեղծողները և կոռուպցիոն սխեմաների ապահովողները: Այդ կատեգորիայի անձանց համար բացահայտ ապահովված են եղել կենցաղի, սննդի, ազատ տեղաշարժի, հարմարավետության ու հանգստի լավագույն և արտոնյալ պայմաններ` սկսած լավագույն սնունդ մատակարարելուց և վերջացրած նրանց պահման խցերը խոհանոցային և այլ կահույքով ու անհրաժեշտ պարագաներով կահավորելուց: Վերջիններիս խցերի դռները երբեք չեն փակվել, նրանց հետ կապված որևէ խուզարկություն չի արվել, այդ անձանց նկատմամբ տույժեր չեն նշանակվել և այլն»,- ընդգծեց Գոյունյանը:

ՔԿԾ պետի խոսքով` նշանակման առաջին իսկ պահից ինքը նշել է, որ այդ ամենն արդեն անցյալ է:
«Ոչ ոք չպետք է հույս փայփայի, որ կարող է վերադարձ լինել նման բարքերին: Ներկայումս էլ առավել կարևորություն եմ տալիս Քրեակատարողական ծառայության ղեկավարության կողմից որդեգրած վճռական կամքի դրսևորմանը, ցանկացած նման դեպքի հետևողական և ողջ խստությամբ արձագանքմանը:

Ծառայության ղեկավարության հստակ և անփոփոխ պահանջն է՝ քրեակատարողական հիմնարկներում չպետք է լինեն ազատությունից զրկված այնպիսի անձինք, ովքեր կունենան արտոնյալ պայմաններ: Միաժամանակ, չպետք է լինեն այպիսի քրեակատարողական ծառայողներ, ովքեր կաշկանդվածություն, շահագրգռվածություն կամ կախվածություն կունենան կալանավորներից ու դատապարտյալներից»,- եզրափակեց Գոյունյանը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս