Մոսկվայում անհանգստացած են Լիբիա թուրքական զորքի հնարավոր ներխուժումից
Լիբիա թուրքական զորքեր մտցնելու հնարավորությունն անհանգստություն է առաջացնում Մոսկվայում: Այդ մասին, ինչպես հաղորդել է «Ինտերֆաքս»-ը, լրագրողներին հայտարարել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության մի աղբյուր: Նա այդ կերպ է մեկնաբանել Տրիպոլիին ցանկացած ռազմական օգնություն ցուցաբերելու Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հայտարարութըյունը։
ՌԴ ԱԳՆ-ում գտնում են, որ, նախքան ներլիբիական հակամարտության կարգանվորումը, դրսից ռազմական միջամտությունը միայն կբարդացնի երկրի իրադրությունը:
Ավելի վաղ Էրդողանը հայտարարել է ՄԱԿ-ի կողմից ճանաչված Տրիպոլիի կառավարությանը՝ Ֆայեզ Սարաջի գլխավորությամբ, աջակցելու մասին եւ մյուս խմբակցության ղեկավար մարշալ Խալիֆա Հաֆթարին համարել է «անօրինական ղեկավար»: Մինչդեռ Լիբիայի ազգային բանակը մարշալ Խալիֆա Հաֆթարի հրամանատարությամբ Ազգային հաշտության կառավարության ղեկավար Ֆայեզ Սարաջին լոյալ ուժերին 72 ժամ է տվել Տրիպոլի եւ Սիրտ քաղաքները լքելու համար:
2011 թվականին Լիբիայի առաջնորդ Մուամար Քադաֆիի տապալումից եւ սպանությունից հետո Լիբիան փաստորեն դադարել է գործել որպես միասնական պետություն: Այժմ երկրում երկիշխանություն է տիրում: Արեւելքում նիստեր է գումարում ժողովրդի կողմից ընտրված խորհրդարանը, իսկ արեւմուտքում՝ Տրիպոլի մայրաքաղաքում, կառավարում է ՄԱԿ-ի եւ Եվրամիության աջակցությամբ կազմված՝ Ազգային հաշտության կառավարությունը՝ Ֆայեզ Սարաջի գլխավորությամբ: Երկրի արեւելյան մասի իշխանությունները գործում են Տրիպոիից անկախ եւ համագործակցում են Հաֆթարի բանակի հետ, որն ապրիլից չի դադարեցնում Տրիպոլին գրավելու փորձերը: Վերլուծաբանների կարծիքով, Հաֆթարին աջակցում են Ռուսաստանը, ԱՄՆ-ը, Ֆրանսիան, Եգիպտոսը, Սաուդյան Արաբիան եւ Արաբական Միացյալ Էմիրություններն այն դեպքում, երբ նրա հակառակորդներին օգնություն են ցուցաբերում Թուրքիան, Կատարը եւ Իտալիան: