Նորշենի միակ բնակչուհին ստացավ ՀՀ վարչապետի շնորհակալագիրն ու դրամական պարգև

ՀՀ Շիրակի մարզպետ Տիգրան Պետրոսյանը մարզխորհրդի տարեվերջյան նիստի ժամանակ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի անունից հայրենի հողին անմնացորդ նվիրումի և երկարամյա անխոնջ աշխատանքի համար Շիրակի մարզի Նորշեն (նախկին՝ Խարկով) գյուղի բնակչուհի Վահանդուխտ Մխիթարի Մելքոնյանին հանձնել է շնորհակալագիր և 500 հազար դրամի պարգև։

Շնորհակալություն հայտնելով` Վահանդուխտ տատիկը խնդրեց բարեկարգել դեպի գյուղ տանող ճանապարհը՝ հաշվի առնելով դրա կարևորությունը։ Պարգևը ստանալուց տատիկն հուզվեց ու նշեց, որ այսպիսի ուշադրության առաջին անգամն է արժանանանում:

Վահանդուխտ Մելքոնյանը սահմանային Նորշեն բնակավայրում ապրում է 60 տարուց ավելի, վերջին տարիներին Նորշենի միակ բնակիչն է, սակայն իրեն մենակ չի զգում; Չնայած արդեն 83 տարեկան է՝ զբաղվում է հողագործությամբ և մեղվապահությամբ:

Գյուղը միանգամից չի դատարկվել, այլ քայլ առ քայլ։ «Սկզբում էր դժվար, հիմա արդեն սովորական է դարձել։ Զբաղվում եմ մեղվապահությամբ ու հողագործությամբ, հյուրերի պակաս էլ չունեմ»,-«Արմենպրես»-ին հայտնեց տատը՝ վստահեցնելով, որ ամենապաշտպանված մարդն է իրեն զգում՝ գյուղը ռուս ու հայ սահմանապահների հսկողության տակ է։

Նորշենը, շատ մոտ գտնվելով Անիին, հրաշալի դիտակետ է։ Սահմանային այս գյուղը մտնելու համար անհրաժեշտ է հատուկ թույլտվություն սահմանապահ ջոկատից, որը ստանալը երկարատև գործընթաց է։ Լքված գյուղի միակ պահապանը Վահանդուխտ տատն է:

Արմենուհի Մխոյան

Տեսանյութեր

Լրահոս