Կիևում տեղի կունենա Ուկրաինայի հայերի միության համաժողովը
Ուկրաինայի հայերի միության համաժողովը տեղի կունենա դեկտեմբերի 21-ին , որի ընթացքում կամփոփվեն ՈւՀՄ գործունեության 2019 թվականի արդյունքները եւ կսահմանվեն 2020-ի առաջնահերթությունները։
Ինչպես տեղեկացնում է AnalitikaUA.net-ը, սովորաբար ամփոփիչ համաժողովին մասնակցում են շրջանային համայնքների բոլոր ղեկավարները, դիվանագետներ, Գերագույն ռադայի պատգամավորներ, քաղաքական գործիչներ, հոգեւորականության ներկայացուցիչներ, հասարակական եւ մշակութային գործիչներ։ Այս տարի Ուկրաինայի հայերի միության համագումարին մասնակցելու համար Կիեւ կժամանեն Սփյուռքի գործերով Հայաստանի գլխավոր հանձնակատարը, ՀՀ ԱԺ պատգամավորներ, հայտնի փորձագետներ եւ լրագրողներ։
Մեկնաբանելով միջոցառման լայն օրակարգը՝ Ուկրաինայի հայերի միության ղեկավար Վիլեն Շատվորյանը նշել է, որ համայնքը հնարավորությունների սահմաններում նպաստում է Կիեւի եւ Երեւանի հարաբերությունների ամրապնդմանը, եւ երկու երկրների խորհրդարանականների ներկայությունը համաժողովում ուղղված է մեր երկրների երկկողմ օրակարգի աշխուժացմանը։
Պարբերականի համաձայն՝ համաժողովի շրջանակում նախատեսված միջոցառումների շարքում աչքի է ընկնում ապագա այգու շնորհանդեսը։ Դա Ուկրաինայի հայերի միության նվերն է Հայաստանի մայրաքաղաքին։