![](/banners/BeFunky-design.jpg)
ԱՄՆ-ը հրաժարվել է Իրանի դեմ պատժամիջոցներից բացառություններ անել երրորդ երկրների համար
![](https://168.am/wp-content/uploads/2019/12/999516.jpg)
Միացյալ Նահանգները Իրանի նկատմամբ պատժամիջոցներից ոչ մի կարգի բացառություն չի անում երրորդ երկրների համար եւ դրանք կկիրառի ցանկացած գործունեության դեպքում, որն ամերիկյան կողմն արգելված է համարում: Դեկտեմբերի 19-ին օտարերկրացի լրագրողների համար կայացած ճեպազրույցում այդ մասին հայտարարել է Իրանի հարցերով ԱՄՆ-ի հատուկ ներկայացուցիչ Բրայան Հուքը։
«Մենք պատժամիջոցներ ենք կիրառում ցանկացած գործունեության նկատմամբ, որը ենթակա է պատժամիջոցների: Դա է մեր քաղաքականությունը, եւ այն կիրառվում է բոլոր դեպքերում, դրանից ոչ մի կարգի բացառություններ չկան»,- ասել է նա՝ պատասխանելով այն հարցին, թե ինչ կերպ կարող են խուսափել ամերիկյան պատժամիջոցներից տարածաշրջանի մյուս երկրները, որոնք ցանկանում են հարաբերություններ զարգացնել Իրանի հետ, օրինակ, Ռուսաստանը կամ Ադրբեջանը:
«Որոշ դեպքերում մենք ուղղակիորեն պատժամիջոցներ ենք սահմանում Իրանի ֆիզիկական եւ իրավական անձանց դեմ, բայց կան նաեւ երկրորդային պատժամիջոցներ»,- պարզաբանել է ամերիկացի դիվանագետը: «Հիմնական եւ երկրորդային պատժամիջոցների այդ քաղաքականությունը գոյություն ունի արդեն որոշ ժամանակ, եւ մենք իրականում ոչ մի կարգի բացառություններ չենք անում դրանից»,- հավելել է Հուքը, հաղորդել է ՏԱՍՍ-ը: