Բաժիններ՝

ԱՄՆ-ի տարեց դեմոկրատ թեկնածուները հայտարարել են, որ իրենց տարիքը խոչընդոտ չէ նախընտրական պայքարում

Դեմոկրատական կուսակցությունից ԱՄՆ-ի նախագահի թեկնածու առաջադրվելու հավակնորդները դեկտեմբերի 19-ին Լոս Անջելեսում կայացած բանավեճերի ընթացքում հայտարարել են, որ իրենց տարիքը խոչընդոտ չէ նախընտրական պայքարում։

Բանավեճը վարողները մեջբերել են ԱՄՆ-ի նախկին նախագահ Բարաք Օբամայի այն խոսքերը, որ աշխարհում քաղաքական խնդիրները պահպանվում են նաեւ այն պատճառով, որ քաղաքական գործիչների ավագ սերունդը պատրաստ չէ հեռանալ ասպարեզից:

Ջո Բայդենը, որը փոխնախագահ էր Օբամայի օրոք, ի պատասխան կատակել է. «Կփորձեմ ենթադրել, որ նա իմ մասին չի խոսել»,-հայտարարել է 77-ամյա Բայդենը: Նա շեշտը դրել է այն բանի վրա, որ ինքը հարուստ փորձ ունի: «Ես իմ թեկնածությունն առաջադրում եմ, որովհետեւ վաղուց եմ աշխատում, առաջադրվում եմ իմ փորձի հիման վրա»,-ասել է Բայդենը:

Իր հերթին 78-ամյա սենատոր Բեռնի Սանդերսն ասել է, որ նախընտրական արշավում գլխավորը ոչ թե թեկնածուի տարիքն է, այլ մյուս հարցերը, նախեւառաջ տնտեսական անհավասարությունը, եւ որ ինքը հույս ունի այդ հարցի շուրջ միավորել ինչպես երիտասարդ, այնպես էլ տարեց ամերիկացիներին: Հաղորդավարը նաեւ դիմել է 70-ամյա Էլիզաբեթ Ուորենին, հիշեցնելով, որ նա ընտրվելու դեպքում կդառնա նախագահի ամենատարեց թեկնածուն երդմնատվության պահին:

«Ես նաեւ ամենաերիտասարդ կինը կդառնամ երդմնատվության պահին»,-պատասխանել է Ուորենը: Ընտրություններում մի ամբողջ շարք թեկնածուներ 70-ից բարձր տարիք ունեն: Դեմոկրատ եւս մեկ հավակնորդ՝ Մայքլ Բլումբերգը, 77 տարեկան է, ինչպես եւ Բայդենը: Ներկայիս նախագահ Դոնալդ Թրամփը 73 տարեկան է, նա ներկայում ամենատարեց նախագահն է երդմնատվության պահին, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս