«Ժողովուրդ» օրաթերթի խմբագրություն ներխուժման փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ
Քիչ առաջ 168.am-ի եթերում «Ժողովուրդ» օրաթերթի լրագրող Սոնա Գրիգորյանն ասաց, որ Ոստիկանությունն այս գիշեր թերթի խմբագրություն ներխուժելու և այն տակնուվրա անելու դեպքի առթիվ քրեական գործ է հարուցել գողության հատկանիշներով:
Ոստիկանությունից 168.am-ին տեղեկացրին, որ քրեական գործ է հարուցվել ՀՀ Քրեական օրենսգրքի 164 հ. 1-ին մասի և 34-177 հոդ. 3մ 1.1 կետի հատկանիշներով, որն ուղարկվել է նախաքննության:
Հոդված 164-ը ենթադրում է լրագրողի մասնագիտական օրինական գործունեությանը խոչընդոտելու համար պատասխանատվություն, որի 1-ին մասով նախատեսված է, որ լրագրողի մասնագիտական օրինական գործունեությանը խոչընդոտելը կամ նրան տեղեկություններ տարածելուն կամ տարածելուց հրաժարվելուն հարկադրելը պատժվում է տուգանքով՝ նվազագույն աշխատավարձի երկուհարյուրապատիկից չորսհարյուրապատիկի չափով:
34-177հոդ. 3մ 1.1 կետի հատկանիշներով՝ կատարվածը գողության փորձ է, որը կատարվել է բնակարան ապօրինի մուտք գործելով: