«Օրենքի՝ սահմանադրականության հետ կապված նման դեֆիցիտի պայմաններում ՍԴ ունեցող Եվրոպայի խորհրդի անդամ գրեթե բոլոր երկրներում Նախագահը կդիմեր ՍԴ». Արամ Վարդևանյան

Ազգային ժողովի ընդունած «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքում լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքը, որը հանրության մեջ հայտնի է՝ որպես ՍԴ դատավորներին վաղ կենսաթոշակի ուղարկելու կամ «օրինական կաշառքի» օրենք, արդեն իսկ գտնվում է ՀՀ նախագահի տիրույթում: Սա նշանակում է, որ նախագահի ստորագրելուց հետո միայն օրենքը կմտնի գործողության մեջ:

Օրենքի «ճակատագրի» վերաբերյալ 168.am-ը զրուցել է սահմանադրագետ Արամ Վարդևանյանի հետ:

«Այս օրենքը թեև Ազգային ժողովի (ԱԺ) կողմից ընդունվել է, այն ըստ էության դեռ ուժի մեջ չի մտել: Ուժի մեջ կմտնի միայն այն դեպքում, երբ ՀՀ նախագահը, ստորագրելով այն, հրապարակի համապատասխան հրամանագիր, կամ կօգտվի Սահմանադրությամբ իրեն վերապահված բացառիկ լիազորությունից ու կդիմի ՍԴ: Այս գործընթացի համար նախատեսված է 30-օրյա ժամկետ»,- ասաց Արամ Վարդևանյանը:

Նա նշում է, որ կա ևս մեկ հանգամանք, և եթե նախագահը ոչ ստորագրում է, և ոչ էլ ուղարկում է ՍԴ, այդ ժամանակ այն ստորագրվում է ԱԺ նախագահի կողմից: Սահմանադրագետի կարծիքով՝ դա իրենից ենթադրում է որոշակի բացասական հետևանք, որովհետև ինստիտուտը պետք է իր ցանկացած գործողություն կամ անգործություն պատճառաբանի:

«Վերջերս մենք տեսանք, որ արդարադատության առնվազն երկու նախկին նախարարներ՝ Դավիթ Հարությունյանն ու Արփինե Հովհաննիսյանը, հրապարակայնորեն հայտնեցին այս օրենքի հետ կապված մի շարք խնդրահարույց դրույթների մասին, այդ թվում՝ սահմանադրականության և միջազգային լավագույն փորձի անհամապատասխանության հետ կապված, և ես կարծում եմ, որ դրանք իսկապես հիմնավոր են: Այստեղ առնվազն Սահմանադրության անցումային դրույթի՝ 213-րդ հոդվածի և իրավական պետության սկզբունքի նորմ հանդիսացող ինստիտուտի խնդիր կա»,- ասաց Արամ Վարդևանյանը:

Ըստ սահմանադրագետի՝ սա մի օրենքի նախագիծ է, որը ենթադրում է՝ գործադիր և օրենսդիր իշխանությունների կողմից որոշակի նոր, Սահմանադրությամբ չնախատեսված կարգավորումներ փոխանցել 3-րդ՝ դատական իշխանությանը:

«Այստեղ մեկ նրբություն էլ կա: ՍԴ-ն դասական իմաստով դատական իշխանության ճյուղ չէ, այն վերիշխանական է, և նրա հետ կապված ցանկացած գործողություններում պետք է դրսևորեն առավել բարձր աստիճանի զգուշավորություն և զգոնություն: Եվ պատահական չէ, որ Վենետիկի հանձնաժողովը (ՎՀ) ևս դա արձանագրել էր, քանի որ այդ օրենքի հետ կապված վերապահումներ ուներ: Եվ արդյո՞ք բոլոր այն առաջարկները, որոնք ներկայացվել էին ՎՀ-ի կողմից, ներառվեցին օրենքի նախագծի մեջ: Ոչ: Ավելին, ՎՀ-ն նույնիսկ առաջարկել էր կրկին ներկայացնել օրենքի նախագիծը ՎՀ կարծիքի, ինչը չեն արել: Եվ ես կարծում եմ, որ այդ հարցերը հաղթահարելու համար լավագույն մոտեցումը կարող է լինել ՀՀ նախագահի կողմից իր բացառիկ սահմանադրական լիազորության իրացումը՝ համապատասխան դիմում ՍԴ-ին, որով միաժամանակ առաջարկություն կարող էր արվել՝ դիմել ՎՀ-ին»,- ասաց Արամ Վարդևանյանը:

Մեր հարցին, թե արդյո՞ք խնդիր է նաև այն, որ այդ օրենքը ՍԴ կարծիքի չի ուղարկվել, սահմանադրագետն ասաց, որ դա իսկապես խնդիրներից մեկն է, որովհետև նախագծի հեղինակները պետք է պատճառաբանեին, թե ինչո՞ւ այս նախագծի անմիջական շահառուներին այն չի ուղարկվել կարծիքի:

Արամ Վարդևանյանը պնդում է, որ օրենքի պարագայում սահմանադրականության նման դեֆիցիտի պայմաններում ՍԴ ունեցող Եվրոպայի խորհրդի անդամ գրեթե բոլոր երկրներում Նախագահը կդիմեր ՍԴ, հավելում, որ մեր երկրում էլ այդ գործիքի իրացման նախադեպ եղել է, երբ, օրինակ, 2018թ հոկտեմբերի 2-ին ընդունված օրենքը Նախագահն ուղարկեց ՍԴ:

Բացի դրանից, ինչպես նշում է մեր զրուցակիցը, նախագահը հենց իր՝ ՍԴ ուղարկվող դիմումի մեջ կարող էր նշել, որ այն ուղարկվի ՎՀ, որը, իհարկե, ՍԴ-ի համար պարտադիր չէ, բայց կարող է ուղենշային լինել:

«2018թ. ամռանը Հանրապետության նախագահն առաջին անգամն էր այսքան տարիների ընթացքում վերացական սահմանադրական վերահսկողության շրջանակներում դիմում ներկայացրել ՍԴ, որը վերաբերում էր հենց «ՍԴ մասին» օրենքի և «ԱԺ կանոնակարգ» օրենքների՝ Սահմանադրությանը համապատասխանության հարցին ՍԴ դատարանի դատավոր ընտրելու ժամկետների հետ կապված: ՍԴ-ն երկրի նախագահի դիմումի հիման վրա վիճարկվող նորմերը ճանաչեց Սահմանադրությանը հակասող և անվավեր ճանաչեց այն»,- նկատեց Արամ Վարդևանյանը՝ ընդգծելով, որ այս մասին խոսում է այն համատեքստում, որ Նախագահն այս գործիքից ժամանակին օգտվել է:

Սահմանադրագետը տարակուսում է, թե ինչպե՞ս կարող է այս օրենքի նախագիծը հարիր լինել Սահմանադրական դատարանի ինտիտուտի հետ փոխհարաբերությանը, ինչպե՞ս կարող է նման առաջարկությունը հարիր լինել այդ ատյանին:

«Պատահական չէ, որ ՍԴ-ին դիմելիս՝ ասում են՝ Բարձր դատարան: Բարձր դատարանի դատավորներին արդյո՞ք սա հարիր է: ՍԴ դատավորի աշխատանքը պարզապես աշխատանք չէ, սա առաքելություն է: Պարզ չէ՞, որ մեր հասարակության առնվազն մի ստվար հատվածի մոտ օբյեկտիվորեն առաջանալու է այն տպավորությունը, որ այն դատավորները, ովքեր ցանկություն են հայտնելու օգտվել այս առաջարկությունից, փաստորեն սպասում էին կենսաթոշակ ստանալու հնարավորությա՞ն»,- նշեց Արամ Վարդևանյանը:

Տեսանյութեր

Լրահոս