«Նիկոլը Մոսկվայի դրածոն է, նա կիլոմետրերով հեռու է քաղաքականությունից». Շանթ Հարությունյան
Նիկոլ Փաշինյանը չգիտի՝ արժեքը որն է. այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանը շեշտեց «Ցեղակրոն» կուսակցության առաջնորդ Շանթ Հարությունյանը՝ անդրադառնալով Նիկոլ Փաշինյանի հայտարարած «մտքի հեղափոխությանը»:
«Գալիս և ասում է՝ ուզում եմ դու հարուստ լինես, դա շատ լավ բան է, բարիք է: Բարեկեցություն է ուզում, բայց դա արժեքի հետ կապ չունի: Արժեքային փոփոխություն… գնալով գահավիժում է: Արժեքները պետք է նախ՝ պետությունը կարողանա մատուցել, թե ինչ արժեք է դավանում: Պետությունը, որ ստեղծել է այդ հանրությունը՝ ինչի՞ համար է ստեղծել: Իրենք չգիտեն, Լևոնի ժամանակից առ այսօր չգիտեն: Իրենք բոլորը Մոսկվայի դրածոներ են՝ Լևոն Տեր-Պետրոսյան, Ռոբերտ Քոչարյան, Սերժ Սարգսյան, Նիկոլ Փաշինյան: Բոլորը Մոսկվայի դրածո են: Ճիշտ է՝ իրենք ունեցել են ինտելեկտուալ տարբեր կարողություններ: Քաղաքագիտությանը, պատմությանը երևի ամենամոտը եղել են Լևոն Տեր-Պետրոսյանը և Վազգեն Մանուկյանը: Իսկ մնացածը կիլոմետրերով հեռու են եղել, «նամեստնիկ» են աշխատել: Նիկոլն էլ ինչ տեսել, դա է սովորել»,- պնդեց Շանթ Հարությունյանը:
168.am-ի հարցին, թե ինչո՞ւմ է արտահայտվում Նիկոլ Փաշինյանի՝ ՌԴ-ի դրածո լինելը, և արդյո՞ք սա չի վտանգի ղարաբաղյան հարցի կարգավորումը, «Ցեղակրոն» կուսակցության նախագահը նախ պատմական որոշակի դավադրությունների և ռուս-թուրքական եղբայրության մասին հիշեցրեց, այնուհետ ակնարկեց՝ պատմությունը կարող է կրկնվել:
«Ես չեմ ասում, որ Նիկոլը դավադրության մասնակից է, ինքը չի էլ հասկանում: Նա քաղաքականությունից և քաղաքական պատմությունից կիլոմետրերով հեռու է: Չորս նախագահ ենք ունեցել, որից երեքը բանասեր է, և ի՞նչ արդյունք է եղել: Չորսից մեկը քաղաքական գործիչ չի եղել: Ղարաբաղի հարցը ոչ մեկը չի փորձել լուծել, ոչ թե՝ որ հայ ժողովրդի շահերը թույլ չեն տվել, այլ ի վնաս հայ ժողովրդի շահերի՝ գնացել են այդ ձգձգմանը՝ սպասարկելու ռուսների շահերը»,- վստահեցրեց Շանթ Հարությունյանը՝ հավելելով, թե որպեսզի ղարաբաղյան հարցը մեր օգտին լուծվի, պետք է օրակարգ մտցնել Լենին-Քեմալ ռուս-թուրքական պայմանագիրը: