Ուկրաինայի հայերը երախտագիտություն են հայտնել ԱՄՆ սենատորներին. միջոցառում դեսպանատան մոտ
Ուկրաինայի հայերը շնորհակալություն են հայտնել ԱՄՆ Սենատի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման բանաձեւի ընդունման համար: Այս մասին հաղորդում է AnalitikaUA.net-ը:
Դեկտեմբերի 18-ին ԱՄՆ դեսպանության շենքի մոտ տեղի է ունեցել «Մենք շնորհակալություն ենք հայտնում» ակցիան: Միջոցառմանն աջակցել են Ուկրաինայի Հայերի միությունը, Կիեւի հայ համայնքը, ինչպես նաեւ Հայ առաքելական եկեղեցու Ուկրաինայի թեմի հոգեւորականությունը:
ՀԱԵ Ուկրաինայի թեմի առաջնորդ Մարկոս եպիսկոպոս Հովհաննիսյանը եւ Հայ երիտասարդների միության նախագահ Արթուր Սարգսյանը հանդես են եկել ողջույնի ելույթով՝ նշելով ԱՄՆ Սենատի որոշման նշանակությունը: Ակցիայի մասնակիցները հանդիսավոր պայմաններում հանձնել են Ուկրաինայի Հայերի միության շնորհակալության նամակը:
Ուկրաինայի Հայերի միության մամուլի ծառայության տեղեկացմամբ՝ ուղերձում, մասնավորապես, նշված է. «Մենք ԱՄՆ Սենատին խորին շնորհակալություն ենք հայտնում հայ ժողովրդի ողբերգության միաձայն ճանաչման համար եւ ապագա համագործակցության հույս ունենք: Մենք վստահ ենք, որ այս խիզախ քայլը կարեւոր դերակատարում կունենա ինչպես հայերի կյանքում, այնպես էլ ամբողջ աշխարհի համար»:
Հիշեցնենք, որ 2013 թվականի հունիսի 6-ին Ուկրաինայի Գերագույն ռադայում գրանցվել էր 1915 թվականին Օսմանյան կայսրությունում Հայոց ցեղասպանության ճանաչման մասին որոշման նախագիծը: №2254а օրինագծի նախաձեռնողներն էին Ուկրաինայի ժողովրդական պատգամավորներ Վիլեն Շատվորյանը, Արսեն Ավակովը եւ Նվեր Մխիթարյանը: