29 մլրդ դրամի ապրանքներ, 2.3 մլրդ դրամի մաքսատուրքից ազատում, 230 նոր աշխատատեղ. Կառավարությունը տվեց հերթական հարկային արտոնությունները
Կառավարությունն այսօր բավարարեց գերակա ոլորտում իրականացվող ներդրումային ծրագրի շրջանակներում ներմուծվող տեխնոլոգիական սարքավորումները, դրանց բաղկացուցիչ ու համալրող մասերը, հումքը և նյութերը ներմուծման մաքսատուրքից ազատման արտոնությունից օգտվելու համար «ԷՅ ԲԻ ՍԻ ՏԵՔՍՏԻԼ» ընկերության կողմից ներկայացված հայտը:
Ընկերությունն առաջին փուլով տեքստիլի արտադրության համար (սրբիչների արտադրություն) ներմուծել է հումք, որոնց համար նախատեսված գումարը կազմել է շուրջ 7 մլրդ դրամ:
Ներկայումս անհրաժեշտություն է առաջացել երկրորդ փուլով ներմուծել մոտ 10.5 մլրդ դրամի ապրանքների լրացուցիչ խմբաքանակ:
Համաձայն ընկերության կողմից տրամադրված տեղեկատվության` ներդրումային ծրագրի շրջանակում ընկերությունում ստեղծվել է 60 նոր աշխատատեղ և իրականացվել 1,823,702,113 ՀՀ դրամի ներդրում:
Կառավարության այլ որոշումներով բավարարվեց ևս երեք կազմակերպության հայտ։
Այդ երեք ընկերությունների ներկայացրած ապրանքների հանրագումարային արժեքը կազմում է 18.4 միլիարդ դրամ, մաքսատուրքից ազատվող գումարը՝ 1 միլիարդ 784 միլիոն դրամ, արդյունքում՝ ստեղծվելու է 120 նոր աշխատատեղ՝ 160 հազար դրամ միջին աշխատավարձով։
Այսպիսով, այս չորս ընկերություններին տրված հարկային արտոնության արդյունքում, ըստ նախագծերը ներկայացնող Էկոնոմիկայի նախարար Տիգրան Խաչատրյանի՝ կունենանք 29 միլիարդ դրամի ապրանքներ, 2.3 միլիարդ դրամի մաքսատուրքից ազատում, 230 նոր աշխատատեղ, միջին աշխատավարձը՝ 170 հազար դրամ։