Շմոլ գազից թունավորման հետևանքով 27-ամյա երիտասարդ է մահացել. «Գազպրոմ Արմենիա»
Շմոլ գազից թունավորման դժբախտ պատահարի հետևանքով մահացել է Սյունիքի մարզի Գորիս քաղաքի 27-ամյա բնակիչ: Այս մասին հայտնում են «Գազպրոմ Արմենիա» ընկերությունից:
«Նման դեպքերում, երբ պատկան մարմինների կողմից նախապատրաստվում են նյութեր և անցկացվում է քննություն, «Գազպրոմ Արմենիա» ընկերությունը զերծ է մնում մեկնաբանություններից՝ գործի քննության շահերից ելնելով:
Սակայն Գորիսում տեղի ունեցած դժբախտ պատահարի առնչությամբ ընկերությունը անհրաժեշտ է համարում ներկայացնել դեպքի շատ կարևոր մանրամասներ՝ «Գազպրոմ Արմենիա»-ի մասնագետների կողմից տեղում կատարված ուսումնասիրության արդյունքներից ելնելով.
– բնակարանում տեղադրված անվտանգության ձայնաազդանշանային սարքը անջատված է եղել էլեկտրասնուցումից,
– խոհանոցի ծխատար ուղու մեջ տեղադրված է եղել անցքերով թիթեղյա խոչընդոտ, որը էականորեն սահմանափակել է ջրատաքացուցչից ծխագազերի դուրսբերումը,
– փայտի համար նախատեսված վառարանի ծխատարը դուրս էր հանված խոհանոցի պատուհանի վերնափեղկից, որը փակված էր մետաղյա թիթեղով, ինչը իր հերթին սահմանափակել էր բնակարանի օդափոխությունը:
Հարկ ենք համարում նշել նաև, որ իրավապահների ներկայությամբ ձայնաազդանշանային սարքը միացվել է էլեկտրասնուցմանը և գործարկվել է ջրատաքացուցուցիչը, 7 րոպե անց ազդանշանային սարքը գործել էր՝ փակելով բնական գազի մուտքը բանակարանի գազասպառման համակարգ:
«Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ն կրկին զգուշացնում և պահանջում է պահպանել կենցաղում բնական գազից օգտվելու անվտանգության պահանջները:
Խստիվ արգելվում է էլեկտրական սնուցումից անջատել բնակարաններում տեղադրված գազասպառման անվտանգության ազդանշանային սարքերը, օգտագործել ինքնաշեն կամ անսարք վիճակում գտնվող գազասարքեր:
Չկատարել օդատար և ծխատար ուղիների ինքնակամ ձևափոխություններ՝ դրանցում ստեղծելով արհեստական դիմադրություններ, զերծ մնալ գազօգտագործման ընթացքում ցանկացած ինքնագործունեությունից:
Կրկին հիշեցնում ենք, որ ներտնային գազասպառման համակարգի անվտանգ շահագործման պատասխանատվությունը առաջին հերթին կրում է բաժանորդը»,- ասված է ընկերության տարածած հաղորդագրության մեջ: