Մարուքյանի վրա կոշտ ճնշո՞ւմ է եղել. Մարուքյանն ու Արամ Սարգսյանը հաջորդ օրը պետք է հանդիպեին. «Հրապարակ»
«Հրապարակ» թերթը գրում է. «Էդմոն Մարուքյանի որոշումն անակնկալ է եղել «Լույս» դաշինքի «Հանրապետություն» կուսակցության ավագանու անդամների համար։ Նախնական պայմանավորվածություն է եղել, որ ավագանու անդամները, Մարուքյանն ու Արամ Սարգսյանը հաջորդ օրը պետք է հանդիպեին, քննարկեին վիճակը:
«Մարուքյանի վրա կոշտ ճնշում էր եղել՝ երեւի․ հանդիպումը չկայացավ։ Առավոտյան միանգամից հանդես եկավ հայտարարությամբ»,- ասաց «Հանրապետության» աղբյուրը:
Ե՞րբ է ԼՀԿ-ն Ձեր մանդատի մասով որոշումը կայացնելու՝ հարցրինք Դավիթ Խաժակյանին։ «Ես խնդրել եմ մերոնց, որ մինչեւ դեկտեմբերի 23-ը կայացնեն, որովհետեւ 25-ին ավագանու նիստ է նշանակված, որպեսզի հստակ կողմնորոշված գնամ»:
Գիտենք, որ չեք ուզում վայր դնել մանդատը՝ առաջարկել եք ավագանու անկախ անդամ դառնալ։ «Հնարավոր է»:
Եթե վայր դնեք, Ձեզ փոխարինելու է անկուսակցական Անահիտ Բախշյա՞նը։ «Այո, հաջորդը Բախշյանն է»:
Ձեզ համար Մարուքյանի հայտարարությունն անակնկա՞լ էր։ «Քննարկումը հասունացել էր մերոնց տված ասուլիսի առավոտյան»:
Ասում են՝ երեկոյան Փաշինյանն ու Մարուքյանը զրույց են ունեցել․ տեղյա՞կ եք։ «Ոչ»: Կարո՞ղ էր նման զրույցի արդյունք լինել այս ամենը։ «Այն մասով, որ մեզ կարող են ճնշել, եւ իմ՝ մանդատի վայր դնելը դրանով պայմանավորված լինի, բացառում եմ»:
Եթե վայր դնեք մանդատը, ինչո՞վ եք զբաղվելու։ «Նույն գործունեությամբ` առանց մանդատի»: Դուրս կգա՞ք կուսակցությունից։ «Մենք մեր կուսակցությունում շարունակում ենք ներդաշնակ աշխատել»:
Ամբողջությամբ կարող եք կարդալ թերթի այսօրվա համարում: