«Ամեն մարդ պետք է գիտակցի՝ պատերազմի ժամանակ չի կարող մասնատվածություն լինել». Սասուն Միքայելյան
Մենք միշտ պետք է պատրաստ լինենք պատերազմի: Այս մասին 168.am-ի հետ զրույցում ասաց ԵԿՄ վարչության նախագահ Սասուն Միքայելյանը՝ պատասխանելով հարցին, թե որքանո՞վ է այսօր հավանական պատերազմի վերսկսումը:
«Միշտ ասել եմ, այսօր էլ կրկնում եմ՝ այսօրվանով չի պատերազմի հավանականությունը: Մենք պետք է հաշվի առնենք մեր աշխարհագրական դիրքը, թշնամու՝ նորագույն զինատեսակներով հզորանալը, և միշտ պատրաստ լինենք պատերազմի: Պատերազմն անխուսափելի է, որովհետև գիտեք, թե թշնամին ինչ քանակի և գումարային չափի զենք-զինամթերք է գնել, իսկ դա մի օր պիտի կրակի, ուստի կրկնում եմ՝ մեր հնարավորության սահմաններում միշտ պիտի պատրաստ լինենք պատերազմի»,- նշեց նա:
Հակադարձմանը, որ պատերազմին պատրաստ լինելը նաև տնտեսական զարգացում է ենթադրում, Սասուն Միքայելյանն արձագանքեց. «Ու ոչ միայն՝ տնտեսական, հոգեբանական: Որպես ԵԿՄ վարչության նախագահ՝ կարող եմ ասել նաև՝ համախմբվածություն է պետք: Ես միշտ ասել եմ, որ թավշյա հեղափոխությունը պատերազմը մեզանից մի քայլ հեռացրեց, որովհետև թշնամին լավ գիտի հայ ազգի համախմբվածությունը: Մենք պատմականորեն բոլոր ժամանակաշրջաններում, երբ համախմբվել ենք, հաղթանակ ենք տարել»:
Դիտարկմանը՝ ասում են նաև՝ մասնատվածություն կա հասարակության մեջ հեղափոխությունից հետո, Միքայելյանը պատասխանեց. «Ես մասնատվածություն չեմ տեսնում հեղափոխությունից հետո: Ամեն մարդ պետք է գիտակցի, որ պատերազմի ժամանակ չի կարող մասնատվածություն լինել, և դրանով մենք հաղթենք»:
Դիտարկմանը, թե՝ մենք միշտ միասնական ենք պատերազմի ժամանակ, բայց խաղաղ ժամանակ դա կարծես մեզ մոտ չի ստացվում, ԵԿՄ վարչության նախագահը պնդեց. «Այսօր մենք ավելի միասնական ենք, քան եղել ենք որևիցե իշխանության օրոք կամ ժամանակաշրջանում»:
Հարցին՝ հաշվի առնելով Արցախում 2020-ին սպասվելիք նախագահական ընտրությունները, Արցախին ինչպիսի՞ նախագահ է պետք՝ զինվորակա՞ն, պատերազմով անցա՞ծ, թե՞ քաղաքական գործիչ, Սասուն Միքայելյանը պատասխանեց՝ ընտրված:
«Արցախին պետք է ժողովրդի կողմից ընտրված նախագահ: Միակ կարևոր պայմանը դա է, որ ժողովուրդն ընտրի նախագահ»,- եզրափակեց ազատամարտիկը: